ԿԸՀ-ն համամիտ չէ Արման Մելիքյանի հետ
ՀՀ նախագահի թեկնածու Արման Մելիքյանն այսօր ֆեյսբուք սոցիալական ցանցում հայտարարել է, որ դեռևս չի ստացել ՀՀ անկախացումից ի վեր ՀՀ քաղաքացիություն ձեռք բերած, սակայն մշտապես արտերկրում բնակվող երկքաղաքացիների և ՀՀ քաղաքացիությունից հրաժարված քաղաքացիների թվաքանակի հրապարակմանը վերաբերող իր դիմումի պատասխանը։
Արձանագրելով, որ ԿԸՀ-ն իր դիմումը վերահասցեագրել է ոստիկանությանը՝ նախագահի թեկնածուն նշել է, որ հունվարի 23-ի դրությամբ դիմումը դեռ տեղ չէր հասել։
«Չգիտեմ, գուցե հատուկ են ձգձգում, գուցե ծառայողական անփութություն է… Դա իրենց գործն է` մենք ապացուցելու ոչինչ չունենք ու եթե չլինեն իրենց` պաշտոնական տվյալներն ու պարզաբանումները, մենք կներկայացնենք մերը: Արդեն հանգիստ ու հիմնավոր կերպով կարող ենք պնդել, որ 2012 թվականի դրությամբ, ըստ պաշտոնական աղբյուրների, Հայաստանից հեռացել է մոտ մեկուկես միլիոն մարդ, որոնցից առնվազն մեկ միլիոնն ունի քվեարկելու իրավունք:Մենք շարունակում ենք հետազոտել այս խնդիրն ու վստահ ենք, որ կունենանք լրացուցիչ տվյալներ»,- հայտարարել է Ա.Մելիքյանը։
Նախագահի թեկնածուի ֆեյսբուքյան գրառմանը քիչ առաջ արձագանքել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը։ Անհիմն ու անընդունելի համարելով նրա գնահատականները, ԿԸՀ-ն տեղեկացնում է, որ հանձնաժողովի հունվարի 18-ի ժամը 15.00-ի հերթական նիստում Ա.Մելիքյանի դիմումի նախատեսված քննարկումը,նրա իսկ խնդրանքով, տեղափոխվել է նույն օրը 18.00-ի արտահերթ նիստ։
Դիմումի քննության օրվան հաջորդող առաջին իսկ աշխատանքային օրը` հունվարի 21-ին, ՀՀ ԿԸՀ-ի որոշումն ուղարկվել է ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն: Վերջինս նշված որոշումը ստացել է հունվարի 22-ին, իսկ հունվարի 23-ին ՀՀ Նախագահի թեկնածու Արման Մելիքյանին են ուղարկվել համապատասխան տեղեկություններ:
«Նշվածից ակնհայտ է, որ ՀՀ Նախագահի թեկնածու Արման Մելիքյանի դատողությունններն առ այն, որ «երեկվա դրությամբ (նկատի ունի հունվարի 23-ը) դիմումը դեռ տեղ չէր հասել», մեղմ ասած, չի համապատասխանում իրականությանը»,- հայտնում է ԿԸՀ-ն:
Ի դեպ նշենք, որ ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության հսկողության և վերլուծության բաժնի պետ Հայկ Քոչինյանը նույնպես անդրադարձել է Ա.Մելիքյանի կողմից բարձրացրած հարցադրումներին՝ «Փաստինֆո» գործակալության լրագրողի հետ հարցազրույցի ժամանակ։
«Փաստինֆո»