17-ամյա Գևորգին կհետազոտեն լավագույն մասնագետները
«168 Ժամում» տպագրված «Ախր ես բանակ պիտի գնայի» հրապարակումը չափազանց մեծ արձագանք ստացավ մեր քաղաքացիների կողմից: Հիշեցնենք, որ հրապարակումը 17-ամյա Գևորգ Մուրադյանի մասին էր, ով տառապում է պոլիարթրիտ հիվանդությամբ: Ընտանիքն ապրում է սոցիալական ծանր պայմաններում, և տղայի մայրը չէր կարողանում հիվանդ որդու համար անհրաժեշտ դեղորայքը ձեռք բերել: Հրապարակումից հետո մեզ գրեթե ամեն օր զանգահարում է Գևորգի մայրը՝ Էվելինա Մուրադյանը, և տեղեկացնում, թե «168 Ժամի» հրապարակումից հետո որքան քաղաքացիներ են օգնության ձեռք մեկնել և դեռ շարունակում են այցելել իրենց: Նշենք, որ բազմաթիվ նամակներ ենք ստանում թերթի և 168.am կայքէջի հասցեին, 168.am-ի ֆեյսբուքյան էջին. բազմաթիվ քաղաքացիներ Գևորգ Մուրադյանի տան հասցեն և հեռախոսահամարն են խնդրում՝ նրան այցելելու և աջակցելու համար:
«Ես ձեզ խնդրում եմ, իմ խորին շնորհակալությունը հայտնեք այն սրտացավ ու բարի մարդկանց, որոնք որդուս հետ կապված պատմությանն այդքան հոգատարությամբ արձագանքեցին: Մեզ ամեն օր զանգահարում են և այցելում են մարդիկ, ովքեր ցանկանում են դեղորայքով, գումարով, սնունդով ու հագուստով օգնել: Զանգահարել են Առողջապահության նախարարությունից՝ խոստանալով՝ ինչպես դեղորայքի, այնպես էլ բժիշկ մասնագետի հարցերը լուծել:
Շատերը նույնիսկ չեն ցանկանում, որ իրենց կատարածի մասին որևէ մեկն իմանա, բայց ես անպայման ուզում եմ շեշտել, որ շատ բարի ու լավ մարդիկ կան մեր երկրում: Մանե անունով մի աղջիկ եկավ մեր տուն և 150.000 դրամ նվիրեց: Մի մարդ ասաց, որ դեղորայքի համար անհրաժեշտ ամբողջ գումարն ամեն ամիս մեզ կփոխանցի: Մի կին, որը չցանկացավ իր անունը հրապարակել՝ հագուստով, սնունդով և գումարով օգնեց: Շատերը սպասում են հաշվեհամարին, որն այս երկու օրվա ընթացքում կբացենք, և Գևորգի անվամբ հաշվեհամարին գումարներ կփոխանցեն: Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Սաշիկ Սարգսյանի որդին՝ Հայկ Սարգսյանը, եկավ մեր տուն և շատ մեծ օգնություն ցուցաբերեց՝ գումար նվիրեց, ինչպես նաև՝ սնունդ:
Այնուհետև Գևորգին անհրաժեշտ դեղորայքը նա անմիջապես գնեց: Երբ նկատեց, որ մեր պատուհանին ոչ թե ապակի է, այլ ցելոֆան, ինչի պատճառով տունը շատ ցուրտ է՝ անմիջապես եվրոլուսամուտներ պատվիրեց: Երեկ արդեն պատուհաններն ամբողջովին տեղադրեցին, ու տունն անհամեմատ տաք է: Հայկ Սարգսյանը տղայիս էպիկրիզները վերցրեց՝ խոստանալով խորհրդակցել մասնագետների հետ և Գևորգիս տանել ստուգման լավագույն մասնագետների մոտ: Նա ասաց, որ կփորձի այստեղ մասնագետների հետ ճշտել, թե արդյոք հնարավո՞ր է տղայիս բուժել: Եթե Հայաստանում դա հնարավոր չեղավ, ապա Գևորգիս կուղարկի Գերմանիայում բուժման… Ես այնքան հուզված եմ բոլոր մարդկանց այս հոգատարությունից, որ բառեր չեմ գտնում երախտագիտությունս արտահայտելու համար: Խնդրում եմ, փոխանցեք, որ անչափ շնորհակալ ենք: Երևի հրաշք էր սա, որ մեզ հետ կատարվեց»,- ասում է Գևորգի մայրը՝ Էվելինա Մուրադյանը, ով վստահեցնում է, որ առաջիկայում դեռևս շատ մարդիկ են իրենց այցելելու»:
Ընտանիքին և երիտասարդ տղային աջակցելու նպատակով նամակներն ու արձագանքները շարունակվում են: Ի դեպ, Հայկ Սարգսյանը հոդվածը կարդացել էր ֆեյսբուքյան էջում, թողել էր իր հեռախոսահամարը՝ խնդրելով իրեն փոխանցել Գևորգ Մուրադյանի հասցեն և հեռախոսահամարը: