Ամբաստանյալը կարել է բերանը և հացադուլ հայտարարել. Նրա հարազատները փակել են դատարանի մուտքը
Այս պահին Վանաձորի ընդհանուր իրավասության դատարանի շենքի դիմաց բողոքի ակցիա են անցկացնում ամբաստանյալ Շալիկո Մանուչարյանի հարազատներն ու բարեկամները: Այս մասին ԳԱԼԱ-ի լրագրողի հետ զրույցում նշել է ամբաստանյալի հորեղբայրը՝ Արմեն Հակոբյանը: Վերջինս նշել է, որ Շալիկո Մանուչարյանին առանց փաստերի կալանավորել են:
«Դատավարությունից մոտ մեկ ամիս առաջ մեղադրյալին անհիմն պահել են, 8 ամիս է դատավարությունն ընթանում է, սակայն մեկ ամիս է դատական նիստը հետաձգել են այն պատճառաբանությամբ, որ փաստեր չունեն, որ դրանք դեռ պետք է հավաքվի: Մոտ տասը օր առաջ այդ մարդը հացադուլ է հայտարարել և բերանը կարել է , այսօր արդեն 11-րդ օրն է, Վանաձորի քրեակատարողական հիմնարկում»:
Արմեն Հակոբյանը նշել է, որ այսօր կայացած դատական նիստը դարձյալ առանց պատճառաբանության հետաձգվել է: «Նոր էլի դատավարություն էր, և պետք է նրան երկու օրվա մեջ ազատեին, բայց հիմա էլի մեկ ամսով դատական նիստը հետաձգել են, պատճառաբանելով, որ գործի քննությանը ծանոթ չեն և պետք է նոր ծանոթանան: Հիմա այստեղ ամբաստանյալի ամբողջ շրջապատը, ընկերները, ընտանիքի անդամները՝ մոտ 100 մարդ դատարանի շենքը փակել են ու հրաժարվում են դուրս գալ, ուզում ենք, որ դատախազը ներկա լինի, որ բացատրություն տա, թե ինչի համար է, որ 5-րդ անգամ տարբեր պատճառներով դատական նիստերը հետաձգվում են»:
Շալիկո Մանուչարյանը մեղադրվում է խուլիգանության մեջ, նշել է Արմեն Հակոբյանը:
«Նրան փորձում են դատապարտել հրազենի օգտագործմամբ, խուլիգանական արարք, մահափորձ կատարելու մեջ, բայց հստակ հոդված չկա, քանի որ այս ամեն ինչը դեռ դատական պրոցեսում է, այսինքն որոշել են խափանման միջոց ընտրել: Հիմա մեր պահանջն է, որպեսզի խափանման միջոցը գրավի դիմաց փոխվի եւ ստորագրությամբ նրան ազատ արձակեն: Մենք հրաժարվում ենք դատարանի շենքից դուրս գալ, արդեն դատարանի աշխատողները կամաց-կամաց գնում են իրանց տուն, ոստիկանությունն էլ հավաքվում է, բայց մենք չենք գնա, մինչեւ հարցը չլուծվի»,- նշել է ամբաստանյալի հարազատը:
galatv.am