Րաֆֆի Հովհաննիսյանի մոտ պատահականությունները նախընտրական շրջանում շատ են

ՀՀ նախագահի թեկնածու Արման Մելիքյանը երեքշաբթի հայտարարել էր իր նախընտրական քարոզարշավը դադարեցնելու մասին` միևնույն ժամանակ նշելով, թե կշարունակի հանդիպել ընտրողների հետ:

Հարցին, թե ի՞նչ է ենթադրում` քարոզարշավն ընդհատել, բայց հանդիպել ընտրողների հետ, Ա. Մելիքյանն այսպես պատասխանեց. «Դուք երևի թե ինչ-որ թյուրիմացության մեջ եք: Ես ընդհատում եմ քարոզարշավը, քաղաքական, տնտեսական, սոցիալական խնդիրների հետ կապված քարոզչությունը, բայց մենք բոլոր ջանքերն ուղղելու ենք նախ` ընտրությունների օրինականության ապահովմանը:

Որպես այդ օրինականության կարևոր բաղադրատարր` մենք դիտարկում ենք Հայաստանից հեռացած ձայնի իրավունք ունեցող քաղաքացիների վերաբերյալ պաշտոնական տեղեկատվության հրապարակումը, դրանց թվաքանակի մասին մենք պետք է ունենանք անհրաժեշտ տեղեկատվություն, որովհետև նախկինում այդ մարդկանց քվեներն օգտագործվել են հօգուտ իշխանության թեկնածուի, և նախկինում հավելագրվել է առնվազն 4-500 հազար ձայն, ինչը հսկայական թիվ է, և, իհարկե, էապես ազդում է ընտրությունների արդյունքի վրա»: Թեկնածուի խոսքով` ինքը հորդորում է խոսել այն ամենի մասին, ինչը կասկածի տակ է դնում ընտրությունների օրինականությունը:

Իսկ նախընտրական քարոզարշավի մեկնարկային մի քանի օրերը գնահատելով` Ա. Մելիքյանը գտնում է, որ քարոզարշավը մարդկանց պարզապես ապակողմնորոշելու միջոց է: «Բոլոր նրանք, ովքեր այսօր վարում են ակտիվ քաղաքական, տնտեսական, սոցիալական ծրագրերի քարոզչություն, նրանք, ըստ էության, խաբում են Հայաստանի քաղաքացուն, որովհետև այսօր նրանցից որևէ մեկը չի կարող խոսել Հայաստանում օրինական ընտրություններ անցկացնելու մասին: Ապահովագրված չէ, որ ընտրությունները չեն կեղծվելու: Առավել ևս նրանցից որևէ մեկը քայլեր չի պատրաստվում ձեռնարկել` կանխավ ընտրությունների օրինականություն ապահովելու համար»,- նշեց Ա. Մելիքյանը:

Վերջինս անդրադարձավ նաև երեկվա Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանի այն դիտարկմանը, թե Ա. Մելիքյանը պետք է առաջադրվեր, որովհետև պետք է լիներ մեկը, ով կքննադատի Ռուսաստանին այն բանի համար, որ Ռուսաստանը չի ճանաչում ԼՂ անկախությունը, և նաև կոչ կանի, որ Հայաստանը ճանաչի: ԼՂՀ նախկին արտգործնախարարն այդ առթիվ ասաց. «Պարոն Հովհաննիսյանն, իհարկե, իրավունք ունի ցանկացած դիտարկում անել, բայց, իհարկե, նրա դիտարկումը շատ մասնակի է, և բխում է իր սեփական հետաքրքրությունների շրջանակից, երևի թե, իմ մոտեցումներից հենց այդ մասն էր կարևոր և սրտամոտ իր համար: Բայց կան նաև մոտեցումների շատ այլ սեգմենտներ, որոնք նույնպես շատ կարևոր են և վերաբերում են մեր ներքին կյանքին: Իսկ իշխանություններին, կարծում եմ` միայն ալարկոտ մարդիկ չեն քննադատում: Ես չեմ քննադատում, ես առաջարկում եմ ստեղծված իրավիճակից իրատեսական ելքեր»: Ա. Մելիքյանի ասելով` ինքն ընտրողին համոզելու խնդիր չունի, քանի որ ինքը ճանապարհ է առաջարկում, և աշխատում է ընտրողի որոշումն ապահովագրելու ուղղությամբ: Նախագահի թեկնածուն նաև նկատեց, որ ընտրությունները երկու փուլով կլինեն, եթե ընտրություններն անցնեն օրինական ճանապարհով:

Ա. Մելիքյանի կարծիքով` ընտրությունների օրինական լինելով է պայմանավորված իր հաղթանակը: «Անօրինական ընտրություններ կայանալու պարագայում ցանկացած տոկոսային հարաբերակցություն կարող է լինել այն պայմանով, որ հաղթողը, միևնույն է, կլինի իշխանության ներկայացուցիչը: Եթե ընտրություններն անցնեն օրինականության շրջանակներում, ապա կարծում եմ, որ առնվազն իմ մասով ընտրվելու հնարավորություն տեսնում եմ»,- նշեց նախագահի թեկնածուն:

Իսկ հարցին` թե քանի՞ տոկոս ձայն է հավակնում ստանալ, նա պատասխանեց. «Օրինական ընտրությունների պարագայում, ամեն դեպքում, հաղթելու համար հարկավոր է 50 գումարած 1 ձայն` այդքան տոկոս: Այդ տոկոսն ապահովել հնարավոր է»: Իսկ թե ինչպե՞ս է գնահատում ՀՀ նախագահի թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի երեկվա PR քայլը` պատահական վարսավիրանոցում մազերը կտրելը, վերջինս պատասխանեց.

«Ես տեսնում եմ, որ պարոն Հովհաննիսյանի մոտ պատահականությունները նախընտրական շրջանում շատ են: Դա ուշագրավ է: Կարծում եմ, որ իր մոտ նախընտրական պատահականությունների շարքը պետք է շարունակվի նաև ընտրություններից հետո: Դա, իհարկե, հաճելի է քաղաքացիների համար: Րաֆֆի Հովհաննիսյանը համակրելի մարդ է, և շփումները մարդկանց հետ մարդկանց հաճույք են պատճառում»: Իսկ թե, օրինակ, ինքը կհետևի՞ այդ քայլին, պատահական վարսավիրանոցում մազերը կկտրի՞, Ա. Մելիքյանը պատասխանեց. «Ես ապրում եմ կյանքի սովորական ռեժիմով, և նախընտրական շրջանում իմ պատահականությունների քանակը չի ավելացել»:

«168 ԺԱՄ»

Տեսանյութեր

Լրահոս