Էդվարդ Նալբանդյանի կարծիքով` Մեծ Բրիտանիայի դեսպանի գրառումն «այնքան էլ կոռեկտ չէ»
Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպան Քեթրին Լիչը, իր պաշտոնական բլոգում ամփոփել է 2012թ. ընթացքում դեսպանատան կատարած հիմնական աշխատանքները, նաև կարծիք է հայտնել սպասվող նախագահական ընտրությունների վերաբերյալ` տալով որոշակի քաղաքական գնահատականներ:
«Հորիզոնում փետրվարի 18-ի նախագահական ընտրություններն են: Ուրախ եմ, որ Միացյալ թագավորությունը 25 դիտորդ է ունենալու ԵԱՀԿ ԺՄՀԻԳ առաքելության կազմում: Մենք իսկապես ողջունում ենք նախագահ Սարգսյանի լավագույն ընտրություններ անցկացնելու մասին հայտարարությունը: Բայց նաև ցավում, որ խորհրդարանի երեք հիմնական ընդիմադիր կուսակցություններից որևէ մեկը սեփական թեկնածուով հանդես չեն գալիս այս ընտրություններին և որևէ մեկին չեն աջակցում:
Ո՞րն է այս կուսակցությունների չմասնակցելու պատճառը՝ ֆինանսական խնդիրները, թե՞ արդար արդյունքի նկատմամբ հավատի բացակայությունը կամ գուցե դրանք իրականում այդքան էլ ընդդիմադիր չեն, որքան մենք ենք պատկերացնում:
Եթե համարենք, որ կուսակցությունները ֆինանսական խնդիրներ ունեն, արդյո՞ք դրա պատճառն այն է, որ հնարավոր հարուստ աջակիցները անհանգստացած են, թե ինչ կլինի իրենց բիզնեսին, եթե նրանք սխալ մարդու վրա դնեն շեշտը: Հնարավոր է նաև, որ նրանք չեն գտել իրենց «մեսիջը» հղելու ճիշտ ձևը և հասարակության կողմից նվիրատվություն ստանալ չի հաջողվել: Հաջորդ ամսվա ընթացքում ուսումնասիրելով ընտրարշավը և բոլոր կուսակցությունների անդամների հետ խոսելով մենք կփորձենք հասկանալ՝ էլ ինչ է կարելի անել արդյունավետ քաղաքական մրցակցություն ապահովելու համար:Բայց տասնամյակների ընթացքում կեղծիքներով հագեցած ընտրություններից հետո Հայաստանի իշխանությունների համար մեծագույն մարտահրավեր է այս ընտրությունները արդար անցկացնելն ու սեփական ժողովրդի և գործընկերների վստահությունը վերականգնելը: Արդյո՞ք սա տեղի կունենա»,- մասնավորապես գրել է Բրիտանիայի դեսպանը:
Այսօր Մեծ Բրիտանիայի դեսպանի հայտարարությանն անդրադարձել է ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, ով, ըստ «Մեդիամաքս» գործակալության, նշել է, որ դեսպանի գրառումն «այնքան էլ կոռեկտ չէ»:
«Ընտրություններից առաջ նման գնահատականներ տալ դեսպանի մակարդակով, կարծում եմ, այդքան էլ կոռեկտ չէ, բայց դա դեսպանի ընտրության հարցն է»,- ասել է արտգործնախարարը: Էդվարդ Նալբանդյանը նաև նշել է, որ այդ գրառման արձագանքներից շատերը «տեղի էին»: