Րաֆֆի Հովհաննիսյանը խախտե՞լ է օրենքը (լուսանկարներ)
Այսօր Երևանում ՀՀ նախագահի թեկնածու, «ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական քարոզարշավը մերկարկեց Մարտիրոս Սարյանի արձանի հարևանությամբ: Թեկնածուի երթուղին ծրագրված չէր, այսինքն՝ անկանխատեսելի էր: Քարոզարշավի այս օրը Ր. Հովհաննիսյանը վարսավիրանոց չգնաց, նա նույնիսկ լրագրողներին կատակով ասաց, թե մեկ շաբաթ վարսավիրանոց չի գնալու:
Ր. Հովհաննիսյանը գրեթե ամեն քայլափոխի բարևում էր անցորդներին, հարցնում նրանց առողջության, տրամադրության մասին, ձեռք սեղմում, իսկ անցնող ավտոմեքենաների վարորդներին հաճախ ձեռքով էր անում` ի նշան բարևի: Ոմանք զարմացած նայում էին, ոմանք` ընդունում նրա բարևը:
Ինչպես արդեն նշել էինք, թեկնածուն այցելեց Երվանդ Քոչարի տուն-թանգարան:
«Իսկ տոմսն ինչքա՞ն է»,- աշխատակիցներից հետաքրքրվեց թեկնածուն:
«Պարոն Հովհաննիսյան, սա ընտրաշակա՞ռք է լրագրողներին»,- կատակեց լրագրողներից մեկը` նկատի ունենալով այն, որ լրագրողների այցը թանգարան ևս անվճար է: «Թանգարանի տո՞մսը»,- զարմացավ նախագահի թեկնածուն: Իսկ թանգարանի աշխատակիցները նրան ասացին, որ այս անգամվա այցն անվճար է, քանի որ չհասցրեցին նույնիսկ նայել թանգարանի նմուշները:
Թեկնածուի հաջորդ կանգառը, ինչպես արդեն նշել էինք մեր նախորդ հրապարակման մեջ, Մատենադարանն էր, որտեղ բավական հետաքրքիր իրավիճակ ստեղծվեց: Ր. Հովհաննիսյանը Մատենադարանի բակում հանդիպեց ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին:
Մատենադարանից նախագահի թկենածուն քայլեց դեպի Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան, այնուհետ` Ազգային գրադարանի շենք, Երևանի պետական համալսարան, և այնտեղի գրադարաններին հանձնեց իր ավագ որդու` Կարինի հեղինակած գիրքը` «Գերդաստան ստվերաց»:
Ընդ որում` բուհական հաստատություններում կուսակցության համակիրները բաժանում էին թեկնածուի նախընտրական բուկլետները, ինչը օրենքի խախտում է. նախընտրական քարոզարշավն արգելվում է բուհի ներսում:
Իսկ համալսարանից «Ժառանգության» ղեկավարը գնաց Շախմատի տուն: Ր. Հովհաննիսյանը քարոզարշավի ամբողջ ընթացքում քայլում էր շատ արագ, իսկ լրագրողներն ու օպերատորները վազում էին նրա ետևից: Ու դա, կարծես ոչ թե քարոզարշավ էր, այլ` վազքարշավ: