Վրաստանն անցում է կատարելու դասական խորհրդարանական մոդելին. Խմալաձե
Վրացական «Ախալի թաոբա» թերթի փոխանցմամբ՝ Վրաստանի խորհրդարանի իրավական հանձնաժողովի նախագահ Վախթանգ Խմալաձեն հայտարարել է, որ պլանավորված է էական փոփոխություններ կատարել Վրաստանի գործող Սահմանադրությունում և անցում կատարել դասական խորհրդարանական մոդելին:
Խմալաձեն հավելել է, որ այդ դեպքում նախագահը չպետք է ընտրվի ուղիղ ճանապարհով, քանի որ դա բնորոշ է խորհրդարանական ղեկավարմամբ հանրապետություններին. «Դասական խորհրդարանական մոդելում նախագահն օժտված չէ գործադիր իշխանության գործառույթներով, ինչի համար էլ նպատակահարմար չի համարվում ուղիղ ճանապարհով նրա ընտրվելը:
Ընդ որում, պետք է ընդգծել, որ ուղիղ ճանապարհով ընտրված նախագահը կարող է պահանջել իր լիազորությունների մեծացում: Դա իմ անձնական նկատառումն է»:
Հիշեցնենք, որ Վախթանգ Խմալաձեի անունը շոշափվում է իշխող «Վրացական երազանք» դաշինքի նախագահական թեկնածուների թվում: