Էպոսագետ թեկնածուն կնոջ հետ գնացել է «Երևան սիթի»
«Ես գիտեմ, թե ընտրողներին ինչ է հետաքրքրում, դա հարկային համակարգն է, հողի հարկը, ջրի հարկը… Եթե այդ հարցերը ես արծարծում եմ, եթե գյուղացիներին հանդիպեմ հատիկ-հատիկ, բոլորն էլ նույն բանն են հարցնելու, հավատացնում եմ ձեզ:
Եթե ես ասում եմ, որ գյուղացուն պետք է ազատել հողի հարկից, ջրի հարկից անհրաժեշտություն կա՞, որ ամեն գյուղացուն առանձին ասեմ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյանը:
Հիշեցնենք, որ նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյանը հայտարարել է, որ ինքը չի պատրաստվում մյուս թեկնածուների նման ընտրողներին հանդիպելու համար այցելել բակեբակ: Նա կարծում է, որ իր ասելիքը լսարանին տեղ հասցնելու լավագույն միջոցը լրատվամիջոցներով ելույթ ունենալն է:
168.am-ը հարցին՝ արդյոք ընտրողը գոնե մեկ անգամ չպե՞տք է տեսնի իր թեկնածուին և արդյոք նախագահ դառնալուց հետո է՞լ է նախընտրելու ժողովրդի հետ շփվել բացառապես ԶԼՄ-ների միոջոցով, Վարդան Սեդրակյանը պատասխանեց, թե ֆիզիկապես հնարավոր չէ բոլոր ընտրողներին հանդիպել:
«Մենք 2 մլն 590 հազար ընտրող ունենք, բոլորը գոնե մեկ անգամ ինձ տեսնե՞ն: Դա կլինի համազգային քայլարշավ, ինչպես ժամանակին Ճգնավորյանն էր անում Երևանից Գյումրի: Եթե ես հարցազրույցներով, հեռուստատեսությամբ ներկայացնում եմ իմ ծրագրերը, չեմ շփվո՞ւմ այսինքն` պետք է հատիկ-հատիկ անպայման ձեռքով բարև տա՞մ, ժպտա՞մ, մտնե՞մ շուկա: Օրինակ` երեկ կնոջս հետ մտել եմ «Երևան սիթի», ուտելիք ենք առել, բոլոր բաժիններով բարևելով գնայի՞»,- ասաց Վարդան Սեդրակյանը` չմոռանալով կրկին հեգնել «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ, նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանին:
Քանի որ Վարդան Սեդրակյանը հաճախ է անդրադառնում Րաֆֆի Հովհաննիսյանի քայլերին, հետաքրքրվեցինք, թե արդյոք Վարդան Սեդրակյանը չի պատրաստվո՞ւմ մինչև նախագահական ընտրությունները այցելել վարսավիրանոց:
«Դե երևի կգամ, բայց ոչ այդպես մասսայաբար, հրապարակային, մի քիչ ավելի համեստ, լուռ, փակ պայմաններում»,- ասաց Վարդան Սեդրակյանը` հավելելով, որ ինքը նույնիսկ կոնկրետ վարսավիրանոց չունի և մազերը կտրում է պատահական վարսավիրանոցներում: