ՀԱԿ-ը ստեղծելիս շատ լավ հասկանում էին, որ չի գալու Լևոնի շրջանը երկրորդ անգամ. Արմեն Մազմանյան

Նախագահական ընտրությունները կլինեն օբյեկտիվ, կեղծելու կարիք չի լինի, քանի որ ընդդիմությունը չի կարողացել միավորվել մեկ գաղափարի շուրջ: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսօր ասաց Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր Արմեն Մազմանյանը: Ըստ նրա՝ ընտրությունների արդյունքները կեղծելու, հասարակությանը համոզելու, կաշառք բաժանելու կարիք չի լինի:

«Անգամ երբ քաղաքական դաշտ եկավ Լևոն-Տեր Պետրոսյանը, ես ունեի իմ տեսակետը, որ նրա գալով ընդդիմադիր դաշտը կկորցնի հնարավորությունը նոր լիդեր, նոր լուրջ պերսոնա ծնելու և նրա շուրջ այլընտրանքային նախագահի թեկնածու առաջադրելու: Ես կարծում եմ, որ ՀԱԿ-ը ստեղծելիս շատ լավ հասկանում էին, որ չի գալու Լևոնի շրջանը երկրորդ անգամ: Կնշանակի` դա էլ էր ինչ-որ ծրագիր, դաշտն ապակողմնորոշելն էր, որ ոչ ոք այդ վակուումը չլցնի»,- ասաց Արմեն Մազմանյանը:

Նրա խոսքով՝ ընդդիմության չմիավորվելու փաստը ցույց տվեց, որ յուրաքանչյուրը լուծում է իր սեփական խնդիրը: «Այստեղ համոզմունքների ճակատամարտ չէ: Իրանք ո՞վ են որ՝ մենք ավելի լավն ենք, ինչի՞ ինքը, ոչ թե ես: Ոչ ոք լուրջ այլընտրանքային ծրագիր չտվեց»:

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտորի կարծիքով` որպես նախագահի թեկնածու բարոյական առումով առաջադրվելու իրավունք ունեն Րաֆֆի Հովհաննիսյանն ու Պարույր Հայրիկյանը, վերջիններս, ըստ Մազմանյանի՝ քաղաքական կենսագրություն և կոնկրետ ծրագիր ունեն: Արմեն Մազմանյանի կանխատեսմամբ` երկրի գործող նախագահ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի օգտին կքվեարկեն պետական կառույցներում աշխատողները, ովքեր հոգնել են «անհաստատությունից»:

Արմեն Մազմանյանը նաև ասաց, թե Կառավարության ամենասխալ որոշումներից էր նախագահական ընտրությունների նախաշեմին «Արտոնագրային վճարների մասին» օրենքի մշակումը. «Ասա՝ հագիստ նստած էին, մարդկանց ինչո՞ւ էիր բզում: Ընդամենը ունենալով խնդիր, որ մյուս տարվա բյուջեում պակասորդ կարող է լինել, եկե´ք մի ատամնաբույժի վրա արհեստական հարկ դնենք, մի քիչ զվարճալի է»:

Տեսանյութեր

Լրահոս