Բաժիններ՝

Ադրբեջանցիներն այրել են շրջանի ղեկավարի օբյեկտներն ու տունը (տեսանյութ)

Ռուսական Regnum լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի հյուսիս-արևմտյան հատվածում գտնվող Իսմաիլիի քաղաքում (Բաքվից 230 կիլոմետր հեռավորության վրա) երեկ երեկոյան անկարգություններ են բռնկվել, ինչի պատճառը հանդիսացել է ճանապարհա-տրանսպորտային պատահարը:

Hummer մակնիշի ավտոմեքենան, որում գտնվել են տվյալ շրջանի ղեկավար Նիզամի Ալեկպերովի զարմիկն ու Աշխատանքի նախարար Ֆիզուլի Ալեկպերովի որդի Վուղար Ալեկպերովը, բախվել է մեկ այլ մեքենայի հետ: Բախումից հետո Վուղար Ալեկպերովը դուրս է եկել մեքենայից և սկսել է վիրավորել մյուս մեքենայում գտնված մարդկանց:

Այդ մասին տեղեկատվությունը տարածվել է ողջ շրջանով մեկ, և դրանից զայրացած տեղաբնակները հավաքվել են և սկսել են ավերել Ալեկպերովների ընտանիքներին պատկանող կոմերցիոն օբյեկտները: Զայրացած ամբոխը նախ կրակի է մատնել «Չըրաղ» մոթելը, ապա այրել է շրջանի գործադիր իշխանության ղեկավարի տունը:

Դեպքի վայր են ուղարկվել ներքին զորքերի հատուկջոկատայինները, որոնք ցայժմ մնում են այնտեղ: Բողոքի ակցիան ավարտվել է գիշերվա ժամը 3-ին: Սակայն տեղաբնակները պահանջում են շրջանի ղեկավարի հրաժարականը, ինչպես նաև պահանջում են իրենց շրջանում վերջ դնել ամենաթողտվությանը: Հակառակ դեպքում սպասվում են բողոքի նոր ակցիաներ:

Ադրբեջանական ոստիկանությունը հերքել է Աշխատանքի նախարարի որդու մասնակցությունն այդ ավտովթարին, որն անկարգություններ է հրահրել: Նշվում է, որ ավտովթարը տեղի է ունեցել «Չըրաղ» մոթելի տիրոջ պատճառով, ով ձերբակալված է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս