
Վերջին շրջանում Ռուսաստանը տպավորիչ հաջողությունների է հասել հետխորհրդային տիրույթում. Stratfor

Ամերիկյան Stratfor հետախուզա-վերլուծական կենտրոնն ընդգծել է, որ վերջին շրջանում Ռուսաստանը տպավորիչ հաջողությունների է հասել հետխորհրդային տիրույթում իր ազդեցության վերականգնման հարցում:
2008 թվականին Վրաստանի դեմ պատերազմում իր կամքի հստակ ցուցադրումից հետո Մոսկվան քայլեր է ձեռնարկել Ուկրաինայում, Վրաստանում ու Ղրղզստանում իր համար անհարմարավետ, արևմտամետ կառավարությունների տապալման ուղղությամբ, որոնք իշխանության են եկել «գունավոր հեղափոխությունների» արդյունքում:
Ռուսաստանը նաև Մաքսային միության միջոցով ավելի սերտորեն է ինտեգրվել Բելառուսի ու Ղազախստանի հետ: Նա պլանավորել է այդ միությունը մինչև 2015 թվականն ընդլայնել մինչև Եվրասիական միության: Սակայն ողջ հետխորհրդային տիրույթում Ռուսաստանի ազդեցության աճը տեղի չի ունենում հավասարաչափ: Կրեմլը ստիպված է դիմակայել թե՛ հետխորհրդային երկրների ներքին ազգային ընտրանիներին, թե՛ արտաքին խաղացողներին, որոնք ձգտում են վիճարկել Կրեմլի ազդեցությունը տարածաշրջանում:
Դրա համար էլ 2013 թվականին Ռուսաստանը շարունակելու է ընդլայնել իր ներկայությունն ու ազդեցությունը մի շարք շրջաններում, իսկ մյուսներում (Բալթյան երկրներ) նա բախվելու է լուրջ խոչընդոտների: 2013 թվականին Ռուսաստանի արտաքին քաղաքական օրակարգում կարող է լինել Ուկրաինայի հետ հարաբերությունների բարելավումը: