Հացադուլը չի կարող ազդեցիկ լինել, ամբողջ ժողովուրդը հացադուլի մեջ է, էլ ինչի՞ մասին է խոսքը

Առաջադրված բոլոր թեկնածուները լիբերալ, օլիգարխական հատկություններ ունեն և Կոմունիստական կուսակցությունը որոշել է չսատարել նրանցից ոչ մեկին: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ՀԿԿ նախագահ Ռուբեն Թովմասյանն՝ անդրադառնալով ՀՀ նախագահի ընտրություններում առաջադրված ութ թեկնածուներին:

Մեր դիտարկմանը, թե էպոսագետ թեկնածու Վարդան Սեդրակյանին, Արման Մելիքյանին կամ հացադուլավոր թեկնածու Անդրեաս Ղուկասյանին է՞լ եք օլիգարխ համարում, Ռ. Թովմասյանը պատասխանեց. «Էպոսագետը միգուցե գրագետ անձնավորություն է, բայց երկիր կառավարելը մանկական խաղ չէ: Իսկ Արման Մելիքյանը աշխատել է, իր կարողությունները ցույց է տվել: Մենք չենք տեսնում այն անձնավորությանը, որը կլուծի մեր առջև ծառացած խնդիրները:

Այն ընտրությունները, որոնք սկսում են հացադուլով, չեն կարող ազդեցիկ լինել: Ամբողջ ժողովուրդը հացադուլի մեջ է: Էլ ինչի՞ մասին է խոսքը: Նախագահական ընտրություններին ամեն մեկը չպետք է մասնակցի, դա հո կոլխոզի նախագահ չէ՞: Երկրի նախագահը լուրջ գործ է, եթե անցած ճանապարհ չունենաս, գործարանի տնօրեն, ինժեներ եղած չլինես, խորհրդային կարգերում աշխատած չլինես, էլ ո՞նց պետք է նախագահ դառնաս»:

Ռուբեն Թովմասյանը նշեց, որ ինքը հացադուլ կանի միայն այն ժամանակ, երբ 1մլն 300 հազար աղքատներ դուրս գան փողոց ու հացադուլ հայտարարեն: «Ես հացադուլ կհայտարարեմ իրենց համար, հանուն իրենց և ոչ թե նախագահ դառնալու համար: Ու անգամ պատրաստ կլինեմ ղեկավարել այդ հացադուլը»,- նշեց նա:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս