Կենդանաբանական այգու տնօրենը հերքում է իր մասին տարածված տեղեկությունները
Երեկ համացանցում տարածվել էր Երևանի կենդանաբանական այգու աշխատակիցների նամակն ուղղված Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին: Նամակում նախկին աշխատակիցներն իրենց բողոքն էին արտահայտել այգու ներկայիս տնօրեն Ռուբեն Խաչատրյանի դեմ և կոնկրետ մեղադրանքներ ներկայացրել նրան:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այգու տնօրենը նշեց, որ առաջին անգամը չէ, որ նմանատիպ «սև PR ակցիա» է կազմակերպվում անձամբ իր դեմ: Ըստ տնօրենի` այդ ամենն արվում է, որպեսզի աժիոտաժ սկսվի Երևանի կենդանաբանական այգու շուրջ:
«Մարդիկ ուղղակի, ովքեր սովոր էին իրենց կյանքը այստեղ աշխատելով՝ իրենց ընտանիքը միգուցե պահել, հիմա՝ կտրված այդ ամեն ինչից, ստիպված քայլեր են անում»,- ասաց նա:
Անդրադառնալով նամակում տեղ գտած այն մեղադրանքին, թե «մեծ վտանգի տակ է հայտնվել Կենդանաբանական այգու աշտարակ շինությունը, դիտավորյալ կոտրել են դռներն ու ապակիները և մատնել անտերության` հույս ունենալով այն բերել ավերակ վիճակի և օտարել ներքևից վեր խոյացող «XXX» ռեստորանային համալիրին», Ռուբեն Խաչատրյանը նշեց, որ նման բան չկա: Երևանի կենդանաբանական այգին, ըստ տնօրենի՝ ՀՈԱԿ-ի կարգավիճակ ունի և իրավունք չունի տարածք օտարելու:
Ռուբեն Խաչատրյանը նաև նշեց, թե բացառվում է, որ այգում սովից կենդանիներ սատկեն: Այգու տնօրենը նշեց, որ 2012-ին այգում սատկել է 58 կենդանի:
Ռուբեն Խաչատրյանի խոսքով, այգու տնօրեն նշանակվելուց հետո ինքն աշխատանքից ազատել է 3 աշխատողի, որոնցից մեկը կենսաթոշակի տարիքի պատճառով, 2-ը` կարգապահական կանոնների խախտման: 31 անձ էլ, ըստ տնօրենի, ազատվել են իրենց դիմումների համաձայն: 80 մասնագետ համալրել են աշխատակիցների շարքը: Այգին այսօր 101 աշխատակից ունի:
Կենդանաբանական այգու տնօրենը հերքեց նաև նամակում տարածված տեղեկությունները, թե՝ «տնօրենը դիսպետչերական ժողովի ժամանակ մեզ ներկայացրեց մի թուղթ, որի վրա ներկայացված էին մեր անուն-ազգանունները և պարտադրեց ստորագրել այն: Ինչպես հետագայում պարզվեց՝ այդ թուղթը պետք է մաս կազմեր մի գրության, որով անտեղի հերյուրանքներ էին ուղղվում մեր նախկին աշխատակցուհուն, ով այս օրերին իր իրավունքներն է պաշտպանում դատարանում»:
Այգու գիշատիչների բաժնի վարիչ Յանոնա Խանզադյանը ևս հերքեց այդ տեղկությունը. «Շատ ստեր է նշված, այդպիսի բան չի կարող լինել»:
Հարցին՝ արդյոք տնօրենն այս ամենում տեսնո՞ւմ է իր մեղքը, նա պատասխանեց. «Այո, տեսնում եմ, շատ խիստ լինելը»:
Հիշեցնենք, որ վերջերս 168.am-ը գրել էր, որ վերջին օրերին Կենդանաբանական այգում մի շարք կենդանիներ են սատկել: Այս տեղեկությունը հաստատել էր նաև այգու տնօրենը՝ բերելով տարբեր պատճառաբանություններ: