Սերժ Սարգսյանը կապահովի բարեփոխումների շարունակականությունը

Ասում է ՀՀ Սփյուռքի փոխնախարար Դավիթ Կարապետյանը

– Արդեն շուրջ հարյուր օր է՝ նշանակվել եք Սփյուռքի փոխնախարար: Ձեր կարծիքով, ո՞րն է Սփյուռքի նախարարության առաջնահերթությունն այսօր« և Դուք ի՛նչ եք հասցրել կատարել այս ընթացքում:

– Եթե հարյուր օրը քիչ ժամանակ է արդյունքների համար, ապա բավարար ժամանակ է խնդիրներին ծանոթանալու և ծրագրեր սկսելու համար: Սփյուռքի նախարարությունը բազմաթիվ և տարատեսակ միջոցառումներ է իրականացնում, որոնց վերաբերյալ հասարակությունը բավականաչափ իրազեկ է: Կարող եմ նշել, որ այդ ամենի մեջ այսօր առաջնահերթը սիրիահայության խնդիրներն են և դրանց լուծման ուղղությամբ իրականացվող աշխատանքները: Սփյուռքի նախարարությունն իր հնարավորության սահմաններում անում է ամեն ինչ, որպեսզի Հայաստանում հաստատված սիրիահայերի բնակարանային, աշխատանքի տեղավորման և սոցիալական խնդիրներն ամբողջությամբ կամ մասնակի լուծվեն: Ինչ վերաբերում է իմ նախաձեռնություններին, ապա նախընտրում եմ այդ մասին խոսել դրանց կյանքի կոչվելուց հետո: Մոտ ապագայում դրանց վերաբերյալ իրազեկվելու առիթներ կունենաք:

– «Օրինաց Երկիրն» առաջիկա նախագահական ընտրություններում, բնականաբար, սատարելու է Սերժ Սարգսյանին: Որպես երիտասարդ գործիչ, կարո՞ղ եք նշել այն հիմնավորումները, որոնք կանխորոշել են այդ որոշումը:

Կարդացեք նաև

– Սերժ Սարգսյանին սատարելու որոշումը սպասված և հիմնավորված քաղաքական որոշում է: Սպասված է, որովհետև «Օրինաց Երկիրը» Սերժ Սարգսյանի որդեգրված քաղաքական, տնտեսական կուրսը սատարում է վերջին  հինգ տարիներին, 2008 թվականից իշխանության մաս է կազմում և պատասխանատվություն է կրում երկրում ընթացող բարեփոխումների համար: Սատարելով գործող նախագահին՝ ցանկանում ենք ապահովել այդ բարեփոխումների շարունակականությունը և ավարտուն տեսնել սկսված գործը: Վերջին տարիներին Սերժ Սարգսյանի գլխավորած Հանրապետական կուսակցության հետ ձևավորվել են համագործակցության և փոխվստահության ամուր հիմքեր, որոնք երկու կուսակցությունների համար նախանշում են քաղաքական գործընթացներին միասնականորեն մասնակցելու անհրաժեշտությունը:

Սերժ Սարգսյանի թեկնածությունը պաշտպանելու հիմքերը բազմաթիվ են: Սատարելով՝ մենք նախապատվություն ենք տալիս նախ և առաջ՝ պետության կայունությանը և անվտանգությանը: Համոզված ենք, որ գործող Նախագահի վերընտրությամբ Արցախի հարցում հայկական կողմի համար ոչ շահեկան լուծում չի լինելու: Վստահ ենք, որ շարունակվելու է Հայաստանի ու Արցախի խաղաղության գլխավոր երաշխավոր հանդիսացող Հայոց բանակի կարողությունների զարգացումն ու հզորացումը: Սերժ Սարգսյանի անցած ճանապարհը և վերջին հինգ տարիներին այս ուղղությամբ կատարված աշխատանքն այսպիսի վստահություն ունենալու համոզմունք է տալիս:

Մեծապես կարևորում ենք նաև ժողովրդավարական և իրավական պետության կերտման անհրաժեշտությունը: Սերժ Սարգսյանի օրոք սկիզբ առած քաղաքական հանդուրժողականությունը և ամենաթողության դեմ պայքարը մեզ տանում է հենց այդ ճանապարհով: Կան մարդիկ, ովքեր ավելի արագ և կտրուկ քայլեր են ակնկալում այս ուղղությամբ, սակայն միանշանակ է, որ այսօր մեր պետության մեջ ժողովրդավարության տարրերը և անօրինականության դեմ պայքարը շատ ավելի տեսանելի են, քան մի քանի տարի առաջ: Համոզված եմ՝ այս ընտրությունները լինելու են ազատ և մրցակցային, և մենք մոտենալու ենք այն չափանիշներին, երբ այլևս չի լինելու ընտրակաշառքով քվե ստանալու կամ կեղծ հեղինակությունների կողմից արջի ծառայությունների սովորույթը, որը մենք ժառանգել ենք 90-ական թվականներից:

Չափազանց կարևոր ենք համարում նաև պետության կառավարման տարբեր օղակներում առողջ սերնդափոխությունը. վստահ ենք, որ Սերժ Սարգսյանի կողմից շնորհալի երիտասարդներին խրախուսելու քաղաքականությունը շարունակական է լինելու, և առաջիկա տարիներին ականատեսն ենք լինելու երիտասարդ պրոֆեսիոնալների նոր գործին: Հանրապետական կուսակցության հետ միասին՝ ամեն ինչ անելու ենք, որպեսզի այս ընտրությունները լինեն օրինակելի և համաժողովրդական աջակցությամբ ապահովեն Սերժ Սարգսյանի հաղթանակը: Երևանում և հանրապետության մարզերում ձևավորվել են «Օրինաց Երկրի» նախընտրական շտաբներ, որոնք ևս իրականացնում են քարոզչական աշխատանքներ:

– Շատ է խոսվում, որ խորհրդարանական ընտրություններից հետո «Օրինաց Երկիր» կուսակցության շարքերը նոսրացել են: Իրականում ի՞նչ է կատարվում այսօր կուսակցությունում:

– Գիտեք, ցանկացած կուսակցության կենսունակությունը չի որոշվում անդամագրված անձանց քանակով: Իրոք, նախորդ ընտրություններից հետո «Օրինաց Երկիր» կուսակցությունում սկսվել է վերաձևավորման լուրջ գործընթաց, որի հիմնավորումը հետևյալն է. ավելի նպատակահարմար է ունենալ քիչ թվով, բայց կենսունակ անդամներ, քան մեծաթիվ անդամագրված անձինք, որոնք պարզապես ձևական են գրանցվել կուսակցությունում: Ու շարքերի նոսրացումը դեռևս չի նշանակում՝ շարքերի թուլացում, այլ՝ հակառակը:

Այսօր բոլորս ականատես ենք մեր քաղաքական դաշտի վերափոխումներին: Բազմաթիվ կուսակցություններ այսօր այլևս չկան, մի մասն էլ սոսկ թղթի վրա է: Կան նաև այնպիսի կուսակցություններ, որոնք առաջնորդվում են պարզապես բիզնեսի օրենքներով, որի հետևանքով երեկվա ընդդիմադիրը և ժողովրդի համար կուրծք ծեծողը այսօր դառնում է բացակա: Այս պայմաններում կենսունակ մնալը յուրաքանչյուր կուսակցության համար լուրջ մարտահրավեր է: «Օրինաց Երկիրն» իր զարգացումն ու կենսունակությունն ապահովում է նոր մոտեցումներով:

Հարցազրույցը՝ ԱՐՄԻՆԵ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ

Տեսանյութեր

Լրահոս