Իրանից Հայաստանի կախվածության նվազեցման համար ԱՄՆ-ը պետք է ճնշում գործադրի Թուրքիայի վրա. The Hill

Thehill.com կայքում հրապարակվել է Հարութ Հարրի Սեմերջյանի «Քրիստոնյա Հայաստան և Իսլամական Իրան. Անսովոր գործընկերությունը բացատրելի է» խորագրով հոդվածը.

«Այն ժամանակ, երբ Արևմուտքը վերջերս խստացրեց Իրանի դեմ սահմանած իր պատժամիջոցները, վերջինիս միակ քրիստոնյա հարևանն այլ մոտեցում է որդեգրել Իսլամական հանրապետության դեմ: Քաղաքական սահմանափակումները և տարբերակների բացակայությունը ծով չունեցող Հայաստանին ստիպում է որդեգրել Արևմուտքից տարբերվող քաղաքականություն՝ մեկ հիմնական պատճառով: Խոսքը գոյատևման մասին է:

Հայաստանը գտնվում է Հարավային Կովկասում, որը հանդիսանում է աշխարհի ամենաանկայուն տարածաշրջաններից մեկը, ուր միմյանց են հանդիպում Արևելքն ու Արևմուտքն և Հյուսիսն ու Հարավը: Այն գտնվում է Իսլամի ու Քրիստոնեության հանգուցակետում: Սա այն վայրն է, ուր ՆԱՏՕ-ն և ԽՍՀՄ-ը մի անգամ գծել են իրենց սահմանագիծը, բայց որտեղ պատերազմն ու պատմությունը պահպանեցին փակ սահմանները անգամ 1991 թվականին Խորհրդային Միության փլուզումից հետո: Սա նաև այնպիսի վայր է, ուր հատվում են նավթի ու գազի թանկարժեք խողովակաշարերը, որոնք Եվրոպային էներգետիկ ռեսուրսներ են մատակարարում Կասպից ծովի հարուստ ածխաջրածնային պաշարներից:

Տարածաշրջանի բոլոր երկրները, պատմությունն ու աշխարհագրությունը դաժանագույնն են գտնվել Հայաստանի հանդեպ: Հայաստանը շրջափակման մեջ է իր չորս հարևաններից երկուսի կողմից. Արևմուտքում՝ Թուրքիան և Արևելքում ու Հարավ-արևմուտքում՝ Ադրբեջանը, որոնց բաժին է ընկնում երկրի սահմանների 80 տոկոսը: Հաճախ անկայուն Վրաստանի հետ նրա սահմանը բաց է մնում Հյուսիսի համար, ինչպես որ Իրանի հետ նրա հարավային 22 մղոնանոց սահմանը, որը որակվում է որպես «կյանքի ուղի» մշակութային առումով հարուստ, սակայն ռեսուրսների հարցում աղքատ 3 միլիոն բնակչությամբ երկրի համար:

Չնայած ընթացիկ հրադադարին՝ Հայաստանը տեխնիկական առումով դեռ պատերազմի մեջ է Ադրբեջանի հետ Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի շուրջ, որի դե-ֆակտո անկախ հանրապետությունը հռչակվել է 1992 թվականին այն բանից հետո, ինչ հայկական ուժերը վերահսկողություն հաստատեցին այդ տարածքի և դրան հարակից մի շարք շրջանների շուրջ: Դրա հետևանքով Թուրքիան խզեց Հայաստանի հետ իր կապերը և որպես բողոքի նշան փակեց իր սահմանը:

Թուրքիայի հետ Հայաստանի հարաբերությունները շարունակում են լարված մնալ 1915 թվականի Հայոց ցեղասպանության պատճառով, երբ Օսմանյան կայսրության գրեթե ողջ հայ բնակչությունը՝ 2 միլիոն մարդ, ոչնչացվեց զանգվածային սպանությունների ու բռնագաղթեցման միջոցով: Թուրքիան ցայժմ հերքում է ցեղասպանությունը՝ չնայած պատմական վկայությունների ու միջազգային ճնշման՝ ճանաչելու համար իր նախնիների կողմից իրագործված այդ հանցագործությունը:

Հաշվի առնելով Թուրքիայի ու Ռուսաստանի հետ Կովկասում ազդեցության համար իր պատմական մրցակցությունը, Ադրբեջանի հետ իսլամական կարգից նրա հրաժարվելու պատճառով այդ երկրի հետ լարված հարաբերությունները և իր միջազգային մեկուսացումը՝ Իրանը վերջերս ամրագրել է Հայաստանի հետ իր տնտեսական, քաղաքական ու մշակութային հարաբերությունները:

Ի հավելումն, Իրանի հյուսիսում բնակվում է ավելի քան 15 միլիոն ազերի (ինչը կրկնակի գերազանցում է Ադրբեջանի Հանրապետության բնակչությունը), ինչն Իրանին անհանգստացնում է պոտենցիալ անջատողական շարժման առումով: Վախենալով այս սպառնալիքից՝ Իրանը մեծապես շահագրգռված է թույլ Ադրբեջանով, և Հայաստանն այս հարցում վերածվում է կարևոր լծակի:

Այդ պատճառով էլ մենք տեսնում ենք անսովոր միջազգային հարաբերությունների իրավիճակ, որում Իսլամական հանրապետության շահերն ավելի շատ համընկնում են Քրիստոնեական երկրի, քան մեկ այլ Մուսուլմանական երկրի հետ: Ի պատասխան՝ Իրանի ու Հայաստանի առաջնորդներն արագորեն շեշտը դնում են երկու երկրների միջև պատմական հարաբերությունների վրա, որն իրենում ներառում է մի քանի հազար տարի, ինչպես նաև Իրանում գոյություն ունեցող 150.000-անոց հայ համայնքի վրա: Իրանի խորհրդարանում երկու տեղ է հատկացված հայերին, Իրանի հյուսիսում, որը ժամանակին եղել է հայկական մի շարք թագավորությունների մի մասը, առկա են հայկական հնագույն վանքեր, որոնք ճանաչվել են որպես UNESCO-ի համաշխարհային ժառանգություն:

Վերջիվերջո, Հայաստանի համար Իրանին փարված մնալը դառնում է հիմնական գոյատևման միջոց, իսկ Իրանի համար փոքր Հայաստանը վերածվում է գլոբալ վերամիացման ելքի և Ադրբեջանի նկատմամբ ճնշման նկատմամբ միջոցի: Միևնույն ժամանակ Հայաստանը հստակ հասկացնել է տվել, որ այդ հարաբերությունները չպետք է լինեն ի վնաս Արևմուտքի կամ Ռուսաստանի հետ հարաբերությունների: Ռուսաստանը շարունակում է մնալ Հայաստանի ռազմավարական դաշնակիցը, և Հայաստանը շատ ջերմ և զարգացած հարաբերություններ ունի ԱՄՆ-ի ու ԵՄ-ի հետ:

Հայկական մեծ և ազդեցիկ սփյուռքը և մասնավորապես ԱՄՆ-ում ու Ֆրանսիայում, վերածվում է կարևոր կամրջի իրենց նախնիների ու հայրենիքի միջև և հանդես է գալիս որպես արևմտականացման կատալիզատոր: Տարիների ընթացքում Հայաստանը հակվել է եվրոպական կողմնորոշման ու ինտեգրման քաղաքականությանը և հուսով է ժամանակի ընթացքում դառնալ ԵՄ-ի անդամ: Որպես տարածաշրջանային և գլոբալ ուժերի ներգրավման միջոց՝ Հայաստանը «դաշինքների ընտրության» համար մանրակրկիտ մշակում է «փոխլրացման» քաղաքականություն՝ գոյատևելու և առաջնորդվելու աշխարհաքաղաքական բարդ տեղանքում:
Նախորդ տարի հայ-իրանական հարաբերությունները հասան իրենց գագաթնակետին, երբ երկու երկրները ձեռնամուխ եղան տնտեսական կարևոր նախագծերի իրագործմանը՝ ներառյալ իրենց սահմանին հիդրոէլեկտրակայանի կառուցումը, ինչը երկար սպասված զարգացում էր էներգետիկ առումով աղքատ Հայաստանի համար: Ներկայումս կան նաև խոսակցություններ երկու երկրների միջև հավակնոտ երկաթուղային և նավթամուղի համակարգերի կառուցման մասին:

Այս երկու նախագծերն էլ կարող են Վրաստանի միջոցով երկարաձգվել դեպի Եվրոպա, ինչը կօգնի տարածաշրջանում Հայաստանի մեկուսացման մեղմացմանը: Ամերիկյան հանդուրժողականությունը հետագայում կերևա այս աճող կապերի հանդեպ: ԱՄՆ-ը ցայժմ մեծ հասկացողությամբ զգուշավորություն է ցուցաբերել, ինչը, սակայն, կարող է փոխվել հետագայում:

Հայ-իրանական հարաբերությունները ստուգման մեջ պահելու և տարածաշրջանում այլընտրանքային տարբերակների փնտրման հարցում Հայաստանին օգնելու համար Օբամայի վարչակազմը պետք է ճնշումներ բանեցնի Թուրքիայի վրա՝ անհապաղ ու առանց նախապայմանների բացելու համար Հայաստանի հետ սահմանը: Դա կապահովի Թուրքիայի տարածքի միջոցով Հայաստանի մուտքը Եվրոպա և նրա սահմաններից դուրս: ԱՄՆ-ը նաև պետք է ակտիվացնի իր ջանքերը՝ Ղարաբաղյան հակամարտության խաղաղ ու վճռական կարգավորման համար:

Բացի այդ, ԱՄՆ-ը պետք է Հայաստանին օգնի տարածաշրջանային տնտեսական ու տրանսպորտային նախագծերի ինտեգրման հարցում և ակտիվացնի հայ-ամերիկյան տնտեսական հարաբերությունները՝ երկկողմանի առևտրի ու ներդրումային համաձայնագրերի շրջանակներում: Դրանով իսկ ԱՄՆ-ը կօգնի Հայաստանին՝ նվազեցնելու համար Իրանից իր կախվածությունը՝ ապահովելով Արևմուտքին երկրի ինետգրացիան: Հայաստանը և նրա մարդիկ ավելի պակաս չեն ցանկանում և կարիք ունեն ամերիկյան ու եվրոպական օգնության՝ այդ նպատակին հասնելու համար: Հակառակ դեպքում Հայաստանն այլ ելք չի ունենա, բացի Իրանում փնտրտուքների շարունակումը»:

Տեսանյութեր

Լրահոս