Գրասենյակի տեղափոխումը վտանգավոր է Հայաստանի համար

Մարդու կայուն զարգացման ՀԿ-ն անհանգստացած է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի  Եվրոպական տարածաշրջանային գրասենյակը Բրատիսլավայից Թուրքիա հնարավոր տեղափոխման առթիվ: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց հ/կ-ի նախագահ Կարինե Դանիելյանը: Նրա խոսքով՝ գրասենյակը Թուրքիա տեղափոխելն անմիջական ազդեցություն է ունենալու Հայաստանի վրա. «Սա շատ վտանգավոր է մեր երկրի համար, իմ համոզմամբ՝ երկիրը կարելի է ոչնչացնել առանց մի փամփուշտ արձակելու»: Կարինե Դանիելյանի խոսքով՝  «Regnum» գործակալությունը հրապարակել է հոդված, որի համաձայն`քննարկվում է նաև հարցը ՄԱԿ-ի այլ կառույցների գրասենյակներ ևս Թուրքիա տեղափոխելու մասին:

Կարինե Դանիելյանի հաղորդմամբ`հայկական 15 կազմակերպություններ նամակով դիմել են ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան-Կի-Մունին, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ադմինիստրատոր Էլեն Կլառկին, Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ռեզիդենտ ներկայացուցիչ Պատրիս Կոեր-Բիզոին և արտահայտել իրենց անհանգստությունն այն մասին, որ ՄԱԶԾ-ի Եվրոպական տարածաշրջանային գրաենյակի հնարավոր տեղափոխումը Թուրիա կտրուկ կնվազեցնի նրա գործունեության արդյունավետությունը, կստեղծի անբարենպաստ պայմաններ տարածաշրջանի երկրների համագործակցության խնդրում:

Կարինե Դանիելյանի խոսքով`որքանով ինքը տեղյակ է, Հայաստանը, Կիպրոսը, Սլովակիան երկրների արտաքին գործերի նախարարությունների մակարդակով արտահայտել են իրենց անհանստությունը այս գործընթացին: Ըստ նրա, Հայաստանն այս առումով անհրաժեշտ քայլեր չի ձեռնարկում, քանի որ հավանաբար չենք պատկերացնում սպառնացող վտանգը:

«Տապան Էկո-ակումբ» ՀԿ-ի նախագահ Հրանտ Սարգսյանը ՄԱԿ-ի գործունեությունը նմանեցրեց  օթերևութաբանների գործունեությանը`հաշվի առնելով, որ կազմակերպության ասածի և եղածի միջև հակասություններ կան: Այս իսկ պատճառով, ըստ Հրանտ Սարգսյանի,  կազմակերպության հեղինակությունն ընկել է անդամ երկրների հասարակության շրջանում:

Կարդացեք նաև

«Թռչնասերների կենտրոն» ՀԿ-ի նախագահ Սիլվա Ադամյանը, ով ևս ստորագրել է նամակը,  նշեց, որ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի Եվրոպական տարածաշրջանային գրասենյակի Թուրքիա տեղափոխումը էականորեն կվնասի Հայաստանին: Այդ իսկ պատճառով. ըստ նրա, թուրքական լոբբիին պետք է հակադրել հայկականը, որին պետք է ներգրավված լինի նաև սփյուռքահայությունը:

Տեսանյութեր

Լրահոս