ԿԸՀ-ն հրաժարվեց անվավեր ճանաչել Սերժ Սարգսյանի գրանցումը
Կենտրոնական ընտրական հանձնաժողովն (ԿԸՀ) այսօր հրաժարվել է առաջիկա նախագահական ընտրություններում ընտրապայքարից հանել Հայաստանի գործող նախագահ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանին:
Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ ԿԸՀ-ն մերժել է Սերժ Սարգսյանի գրանցումն անվավեր ճանաչելու` նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանի դիմումը, որից հետո Ղուկասյանը հայտարարել է հունվարի 21-ից՝ նախընտրական քարոզարշավի մեկնարկի օրվանից, անժամկետ հացադուլ սկսելու մասին:
Նախագահության թեկնածու, քաղաքագետ, «Ռադիո Հայ»-ի տնօրեն Անդրիաս Ղուկասյանը իշխող Հանրապետական կուսակցության թեկնածուի գրանցումը անվավեր ճանաչելու անհրաժեշտությունը իր դիմումում հիմնավորել էր նրանով, որ «իշխող կուսակցությունը չարաշահում է իր դիրքը պետության մեջ եւ բարեխիղճ մրցակից չէ ընտրությունների մյուս մասնակիցների նկատմամբ»:
Ուստի այս քաղաքական իրադրության մեջ թեկնածուն եզրակացրել էր, որ «ընտրություններում միայն իշխող կուսակցության թեկնածուի մասնակցությունը բացառելու դեպքում կարող է իրացվել հանրության ազատ ընտրության բարձրագույն իրավունքը»:
ԿԸՀ-ն դիմումը մերժել է` հիմնավորելով, որ չկան նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի գրանցումն անվավեր ճանաչելու օրինական հիմքեր: Ինչպես պարզաբանեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը, ընտրական օրենսգրքի 83-րդ հոդվածով սահմանված կարգով հանձնաժողովը կարող է դրական որոշում կայացնել երկու դեպքերում` «եթե գրանցումից հետո հայտնի են դառնում փաստեր, ըստ որոնց, թեկնածուն չունի ընտրվելու իրավունք, եւ եթե գրանցումից հետո հայտնի են դառնում փաստեր, ըստ որոնց գրանցման համար ներկայացված փաստաթղթերը կեղծված են»:
«Թեկնածուի գրանցումն անվավեր ճանաչելու վերոհիշյալ հիմքերից եւ որեւէ մեկն առկա չէ: Նման որեւէ հիմք չի վկայակոչվում նաեւ դիմումատուի կողմից»,- հայտարարել է Տիգրան Մուկուչյանը:
Անդրիաս Ղուկասյանը իշխող կուսակցության թեկնածուին ընտրապայքարից հանելու իր պահանջը հիմնավորում էր «հանրային բարձրագույն շահով»` հանձնաժողովին խորհուրդ տալով առաջնորդվել այդ «բարձրագույն շահով» եւ «ազատ եւ իրական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ» Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորություններով: ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանն էլ հակադարձում էր, որ «հանրային բարձրագույն շահ» եզրույթը որեւէ իրավական ակտով սահմանում չունի, ուստի հանձնաժողովը չի կարող օրենքից դուրս որոշումներ կայացնել:
«Ձեզ դուր կգա՞, որ որեւէ այլ քաղաքացի պահանջի Ձեր գրանցումը անվավեր ճանաչել հանրային բարձրագույն շահի հիմնավորմամբ եւ հանձնաժողովը դրական որոշում կայացնի»,- թեկնածուին հարցրել է Մուկուչյանը:
«Այո, եթե ստեղծվի այնպիսի իրավիճակ, որ ամբողջ հանրությունը իմ պատճառով կորցնի վստահությունը երկրում ընտրությունների նկատմամբ»,- հակադարձել է թեկնածուն:
ԿԸՀ-ի մերժումից հետո լրագրողների հետ զրույցում թեկնածուն հայտարարեց, որ «շինծու ընտրություններին վերջ տալու» պահանջով հացադուլի կնստի այնքան ժամանակ, քանի դեռ միջազգային դիտորդները չեն բոյկոտի նախագահական ընտրությունները, քանի որ, թեկնածուի կարծիքով, դիտորդներն իրենց ներկայությամբ չպետք է լեգիտիմացնեն այս ընտրությունները:
«Կդադարեցնեմ միայն այն պայմանով, եթե միջազգային դիտորդները կասեցնեն իրենց առաքելությունը, որովհետեւ համոզված եմ, որ շինծու ընտրություններին դիտարկում անելն անիմաստ գործընթաց է: Իհարկե, հասկանում եմ, որ միջազգային դիտորդներն ունեն իրենց պարտականություններն իրենց պետությունների առջեւ, սակայն առաքելությունների իմաստն է ծառայել, որպեսզի ընտրական պրոցեսների, պետության հեղինակությունը հանրության աչքերում բարձրանա», – ասել է նա:
Հարցին, թե ողջ ընտրական գործընթացին մասնակցելո՞ւ է, թե` ինչ-որ փուլում ինքնաբացարկ է հայտարարելո՞ւ, Ղուկասյանը կոնկրետ չի պատասխանել. «Մենք տարբեր բաներից ենք խոսում, ես հացադուլից, Դուք` ընտրապայքարից… ինձ համար իմ հետագա բոլոր քայլերը կանխորոշված են»:
Թեկնածուն առայժմ չի հրապարակում, թե երկուշաբթի որտեղ պետք է սկսի իր հացադուլը: