Հայ արվեստագետները հնարավարություն կունենան օգտվելու Խուան Միրոյի արվեստանոցի հաստոցներից
Հայաստանաբնակ հայ արվեստագետներն արդեն փորձի փոխանակման հնարավորություն ունեն: Այս մասին այսօր 168.am-ի հետ զրույցում ասաց արվեստագետ-ազատամարտիկ, «Ակոս» մշակութային-հասարակական կազմակերպության նախագահ Մկրտիչ Տոնոյանը:
Վերջինիս խոսքով՝ «Արվեստարան» (Արվեստագետների միջազգային ստեղծագործական կացարան) ծրագիրը գործում է դեռևս 2006 թվականից, որի շրջանակներում էլ տեղի են ունենում արվեստագետների փորձի փոխանակումները: Այսօր, ցանկության դեպքում, արվեստագետներին կարելի է ուղարկել այս կամ այն երկիր՝ փորձի փոխանակման և տեղի մշակութային արժեքներին ծանոթանալու համար:
«Նախատեսում ենք մոտ ապագայում՝ ապրիլ ամսին, հայ երիտասարդ արվեստագետների մի խումբ ընդգրկել Մայորկայում կայանալիք փոխանակումների միջազգային ծրագրին: Այն մեկամսյա ծրագիր է, որտեղ նրանք հնարավորություն կունենան գրաֆիկական տպագրություններ անել՝ օգտվելով Խուան Միրոյի արվեստանոցի հաստոցներից:
Չնայած մասնակիցները հիմնականում ընտրվում են հ/կ-ի հետ համագործակցող ակտիվիստների շարքերից, սակայն մենք բաց ենք՝ նախագծում ներգրավելու նոր արվեստագետների և աջակցություն տրամադրել նրանց»,- ասաց Մ. Տոնոյանը:
Նշենք, որ վերջինս մեկ ամիս առաջ է վերադարձել ԱՄՆ-ից, որտեղ գտնվելու պատճառներից մեկն էլ «Ակոս» մշակութային հ/կ-ի շրջանակներում փորձի փոխանակման ծրագրի հետագա քայլերի մշակումն էր: ԱՄՆ-ի հետ նախատեսված ծրագիրը կմեկնարկի 2014թ.: