«Քոչարյանիզմը աղետ դարձավ մեր երկրի համար»
ԳԱԼԱ-ի հետ ներքաղաքական զարգացումների շուրջ խոսել է ֆրանսահայ ազատամարտիկ Սարգիս Հացպանյանը:
– Պարոն Հացպանյան, հիմա արդեն Դուք փաստացի ՀՀ քաղաքացի եք և կարող եք այդ դիտանկյունից վերլուծել Հայաստանում ընթացող հասարակական-քաղաքական գործընթացները: Ինչպե՞ս կբնութագրեք այդ գործընթացները:
-Ես 24 տարի է՝ մշտապես ապրում եմ Հայաստանում, որից 4 տարիները՝ Արցախում: Իմ նախկին վիճակի և հիմիկվա միջև որևէ տարբերություն չեմ գտնում, որովհետև անկախ այն բանից՝ քաղաքացիություն ունեցել եմ, թե ոչ, ես միշտ հանդես եմ եկել քաղաքացու կեցվածքով: Ինձ անհանգստացնում է հասարակության մեջ առկա յուրաքանչյուր խնդիրը, և ես այս երկիրն ընկալում եմ՝ որպես իմ երկիր ու հայրենիք, որի համար ես քրտինք եմ թափել: Այնպես որ, քաղաքացիություն ստանալս ինչ-որ վարչական փաստաթղթային բան փոխեց: Քաղաքացիությունը բոլորովին այլ արժեք է: Ես թրծվել եմ այդ հասկացության մեջ Ֆրանսիայում ապրելու տարիներին:
Երևի բոլորին պետք է մատնացույց անել Ֆրանսիայի օրինակը. եթե քաղաքացի, ապա՝ Ֆրանսիայի քաղաքացի: Հենց Ֆրանսիայում է, որ քաղաքացին հանդիսանում է պետության լիիրավ քաղաքացի ու յուրաքանչյուր հարցին մասնակից՝ անկախ այն բանից՝ դրակա՞ն իրադարձություն կամ որոշում է, թե՞ բացասական: Ֆրանսիայում քաղաքացին զգում է, որ այդ պետության իրական տերն ինքն է և որ իրենից շատ բան է կախված:
Ահա ինչու Ֆրանսիայում ապրելուց հետո գալով Հայաստան՝ ինձ համար մի քիչ խորթ էր հանդիպել հետխորհրդային հասարակական-քաղաքական դրսևորումների: Ես չէի հավատում, որ Հայաստանի բնակիչները կենթարկվեն այդ ամենին: Այն, ինչ հիմա է տեղի ունենում Հայաստանում՝ ընտրություն-չընտրություն, անունը կա՝ ամանում չկա, նման գործընթաց կարող էին լինել հետադիմական երկրներում: Փաստորեն, մեզ մոտ՝ Հայաստանում, ռեգրես է, ոչ թե պրոգրես: Ես տեսել եմ նաև Խորհրդային Հայաստանում Գերագույն Խորհրդի ընտրությունները. դա շշմեցուցիչ էր: Յուրաքանչյուր տարածքում բազմաթիվ թեկնածուներ կային, և գնում էր գաղափարի պայքար, ընտրվում էին արժանիները: Այդ Գերագույն Խորհուրդը երևի թե մեր պատմության մեջ միակ խորհրդարանն էր, որտեղ մարդիկ իրոք խորհուրդների ու գաղափարների շուրջ էին վիճում, բոլորի մոտ դրական տրամադրվածություն կար՝ պետականության կառուցում, դժվարությունների հաղթահարում:
Պատկերացնո՞ւմ եք՝ երկրաշարժ, փլուզված քաղաքական համակարգ, մեզ պարտադրված պատերազմ, հաց չկա, ազգաբնակչությունը հազար ու մի խնդիրներ ուներ, բայց ամեն ինչ հերթով լուծվեց: Ինչու՞, ինչու՞ մարդիկ հաղթահարեցին այդ դժվարությունները, որովհետև մարդիկ գաղափարի կրողն էին, որովհետև հույս ունեին ու հավատ լավի հանդեպ: Ցավոք հիմա միանգամայն հակառակն է: Ամենալավ բանն էլ անգամ, որ տեղի է ունենում, մարդիկ չեն հավատում:
– Պարոն Հացպանյան, ուրեմն ի՞նչն է կամ ո՞վ է այս ամենի մեղավորը:
– Այն մարդն է մեղավոր, որի պատճառով ես երկար տարիներ բանտում եմ անցկացրել: Դա Ռոբերտ Քոչարյանն է: Ես նրան լավ եմ ճանաչում, նա աղետ է: Բայց ես անձի մասին չեմ խոսում, այլ նրանց ստեղծած համակարգի մասին՝ քոչարյանիզմի մասին: Պետք չէր պետական ղեկ վստահել նման մարդու, որի արդյունքը այն է, ինչ մենք տեսնում ենք: Միայն նրա կառավարման ժամանակ 1915թ. կորուստի չափ հայ լքել է իր հայրենի օջախը. քաղաքական դաշտը փլուզվել է: