Հայրիկյանը կոչ է անում միավորվել
ԱԻՄ նախագահ, ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հանդես եկավ առաջարկով` փետրվարին կայանալիք նախագահական ընտրություններում բոլոր ընդդիմադիր թեկնածուներին միավորվել և միասնական թեկնածու առաջադրել:
Հայրիկյանը վստահեցրեց, որ միասնական ճակատի պարագայում ընդդիմությունը կհավաքի մեկուկես անգամ ավելի շատ քվեներ, քան հակառակ դեպքում: «Զուտ ընդդիմադիր դաշտում հայտնված լինելու հանգամանքն ինձ համար բավարար չէ թեկնածուներին միավորելու կոչ անելու համար, մանավանդ, որ հիմնական թեկնածուները ժամանակին եղել են մեկ միասնական թիմում և գործել են իմ՝ այսինքն հայ ժողովրդի ինքնորոշման սկզբունքի դեմ: Եթե այսօր նրան ներքին փոփոխություններ են ապրել, որոնց մասին չեն կամենում խոսել, ողջունում եմ, սակայն ինչպես անցյալում, այդպես էլ այսօր, ես կարևոր եմ համարում ծրագրերը»,- ասաց նա:
Հայրիկյանը հիշեցրեց, որ միավորման փորձը ապացուցվել է դեռ 1996 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ, երբ ինքը, հանել է իր թեկնածությունը հօգուտ Վազգեն Մանուկյանի: «Բայց ես չեմ ցանկանում պաշտպանել ամբիցիոզ թեկնածուի: Պետք է թողնել ամբիցիաները և միավորվել ծրագրի շուրջ»,- հավելեց նա:
Ինչ վերաբերում է առաջադրված կեղծ թեկնածուներին, Պ. Հայրիկյանը նկատեց, թե ինքը կոռեկտ չէր համարի անվանել իրենց կեղծ թեկնածուներ, քանի որ ծանոթ չէ նրանց առաջադրման նկատառումներին: «Չգիտեմ, թե ի՞նչ նկատառումներով են առաջադրվել, բայց ես մարդկանց սովոր եմ հավատալ: Դա ծանր վիրավորանք է` կոչել իրենց կեղծ թեկնածուներ: Ես ինձ իրավունք վերապահել չեմ կարող ասել, որ իրենք կեղծ են: Կարող է դա մի նոր Հուլիոս Կեսար կամ Գարեգին Նժդեհ լինել: Եկեք սպասենք: Ես, այնուամենայնիվ, շատ չեմ հուզվում, որ պայքարի մեջ են մտել հասարակությանն անծանոթ մարդիկ»,- մասնավորեցրեց նա: