
Ստոմատոլոգները ֆինանսների նախարարության հետ նախնական բանավոր համաձայնություն են ձեռք բերել միայն մեկ հարցի շուրջ

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, երեկ մի խումբ ատամնաբույժներ հանդիպել էին ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանի տեղակալ Սուրեն Կարայանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են «Արտոնագրային վճարների մասին» օրենքում կատարված փոփոխությունները: 168.am-ի հետ զրույցում «Հայաստանի ստոմատոլոգիական ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Աշոտ Գևորգյանն ասաց, որ ինքը ևս մասնակցել է հանդիպմանը:
«Հանդիպումը բավական երկրար տևեց: Միայն ռենտգեն կաբինետի համար եկանք նախնական բանավոր համաձայնության, որ այս կաբինետը չպետք է հարկվի: Մյուս հարցերի հետ կապված համաձայնության չեկանք: Այսօր առավոտյան առողջապահության նախարարությունն իր փաստաթղթերը ներկայացված բոլոր այն հարցերի համար, որոնք հնարավոր են այժմ շտկել ենթաօրենսդրական ակտերով, ներկայացրեց ֆինանսների նախարարություն»,- ասաց Աշոտ Գևորգյանը:
Նրա խոսքով՝ նախաձեռնող խումբ է ստեղծվել, և հունվարի 26-ին Հայաստանի Ամերիկայն համալսարանում ստոմատոլոգների հավաք է նախապատրաստվում:
Աշոտ Գևորգյանը նաև ասաց, որ երեկ Մոսկվայի տանը մոտ 300 ստոմատոլոգիական կլինիկաների ղեկավարներ էին հավաքվել. «Նրանք նորից հանդես էին գալիս, բողոքի, զայրույթի ելույթներով: Մարզերում արդեն մի քանի կլինիկաներ փակվել են: Քանի որ հարցն ընթացքի մեջ է, մարդիկ շվարած կանգնել են, չգիտեն՝ ինչ անեն, բայց արդեն կան կլինիկաներ, որոնք չեն աշխատում, մնացել է միայն փաստաթղթերի ձևակերպումը»:
Աշոտ Գևորգյանը նշեց, որ չի կարող կոնկրտ թիվ ասել, թե քանի կլինիկա է մինչ այժմ փակվել, բայց նրա խոսքով՝ մոտ 2000-3000 ատամնաբույժ կազատվի աշխատանքից: