
Մաքսային միությանն անդամակցելը չի բխում Հայաստանի շահերից. մամուլ

««Առավոտի» հետ զրույցում Դավիթ Շահնազարյանը, խոսելով Հայաստանի նկատմամբ արտաքին քաղաքական հնարավոր մարտահրավերների մասին, նկատեց, որ վերջին շրջանում ծավալված՝ Եվրոմիությու՞ն, թե՞ Եվրասիական միություն բանավեճը Կրեմլի քարոզչական նախագիծն է:
«Ռուսաստանը այդ կերպ փորձում է նույն նժարների վրա դնել Եվրոմիությունն ու Եվրասիական միությունը, մինչդեռ դրանք բացարձակապես համարժեք չեն: Եթե Եվրոմիությունը համամարդկային արժեհամակարգի հիմքով կայացած կառույց է, ապա Եվրասիական միությունը նոր կայսրության քաղաքական նախագիծ է, կասեի` քաղաքակրթական էքսկլավ ստեղծելու նախագիծ, որի ապագան իր ներկայից ավելի մշուշուտ է:
Մաքսային միությանն անդամակցելը չի բխում Հայաստանի շահերից և ոչ միայն տնտեսական առումով. դա մեր ինքնիշխանության սահմանափակում է, որովհետև Մաքսային միության փաստաթղթերում արդեն իսկ ամրագրված են վերպետական կառուցվածքներ, որոնց մաս կազմելը հակասում է մեր Սահմադրությանը», -նշեց Դ․ Շահնազարյանը հավելելով, որ այսօր ՆԱՏՕ-ին կամ ԵՄ-ին անդամակցելու հարց չկա, մինչդեռ Ռուսաստանն անթաքույց, անգամ հրապարակային ճնշումներ է կիրառում Հայաստանի վրա` Եվրասիական և Մաքսային միություններին ներգրավվելու նպատակով»,- գրում է «Առավոտ» օրաթերթը: