Բաժիններ՝

Համաշխարհային բանկը չի՞ հավատում Հայաստանի իշխանություններին

Համաշխարհային բանկն այսօր հրապարակել է Համաշխարհային տնտեսության հեռանկարները (Global Economic Prospects) զեկույցը, որտեղ Հայաստանին վերաբերող տվյալները չեն համապատասխանում ՀՀ կառավարության խոստումներին։

Այսպես, զեկույցի 113-րդ էջում ներկայացված են ՀԲ-ի` ՀՆԱ-ի աճի կանխատեսումները Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների համար՝ մինչև 2015 թվականը։

Հայաստանի համար նշվում է, որ 2012 թվականի համար սպասվում է ՀՆԱ-ի 6.8% աճ, իսկ 2013, 2014, 2015 թվականների համար, համապատասխանաբար, 4.3%, 4.4% և 4.4%։

Խնդիրն այն է, որ մեր իշխանություններն այս հարցում այլ կարծիք ունեն։ Թե հանրապետության նախագահը, թե վարչապետը նշել են, որ 2012 թվականի համար պետք է ապահովվի նվազագույն 7% տնտեսական աճի ցուցանիշ։ Ընդ որում, դատելով մեր պաշտոնյաների տարեվերջյան հայտարարություններից՝ այդ ցուցանիշը փաստացի կարելի է ապահովված համարել։ Մոտ օրերս Ազգային վիճակագրական ծառայությունը կհրապարակի 2012 թվականի ամբողջական զեկույցը, և բոլորիս կուրախացնի 7 կամ ավելի տոկոս ՀՆԱ-ի աճի ցուցանիշով։

Կարդացեք նաև

Ինչ վերաբերում 2013 և հաջորդ տարիներին, ապա կառավարության ծրագրով հաստատված է, որ 2012-2017 թվականներին պետք է ապահովվի տարեկան 5-7% ՀՆԱ-ի աճ։ Այդ մասին նույնպես խոսել են թե նախագահը, թե վարչապետը։ Այսինքն` միջինը պետք է ապահովվի տարեկան 6% աճ։ Սակայն, ինչպես տեսնում եք, Համաշխարհային բանկը մեր իշխանությունների պես լավատես չէ։

Ավելացնենք նաև, որ ՀԲ-ը Վրաստանի համար 2013-2015թթ. համար կանխատեսում է ավելի բարձր՝ 5.1%, 5.4% և 5.6% ՀՆԱ-ի աճ։ Մխիթարվել կարող ենք թերևս միայն նրանով, որ Ադրբեջանի համար կանխատեսվող աճն ավելի թույլ է՝ 4.2%, 3.7% և 3.6%։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս