Բաժիններ՝

Ահմադինեժադը խոստովանել է, որ միջազգային պատժամիջոցները խնդիրներ են ստեղծել Իրանում

Իրանական IRIB լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը, նախօրեին ելույթ ունենալով խորհրդարանի բաց նիստում, ամփոփել է երկրի դեմ սահմանված միջազգային պատժամիջոցների ազդեցությունը.

«Մենք կարող ենք սպասել նոր հարձակումների ու սահմանափակումների և կարող ենք գտնել դրանց շրջանցման միջոցներ: Մենք կարող ենք հանձնվել թշնամու ողորմածությանը և ամեն ինչ անել այնպես, ինչպես որ կթելադրեն մեզ, սակայն գերագույն առաջնորդը, ժողովուրդը, խորհրդարանը դեմ են այդ տարբերակին:

Մյուս տարբերակն Իրանի ազգային պոտենցիալի օգնությամբ կառուցվածքային փոփոխություններն են, որոնք կօգնեն խոչընդոտել հակառակորդի մտադրությունները: Թեև պատժամիջոցները խնդիրներ են ստեղծել երկրի համար՝ խնդրի լուծման համար անհրաժեշտ են ճիշտ մոտեցումներ: Պատժամիջոցներից տուժել է նաև արտաքին առևտուրը:

Դա թշնամիների հիմնական նպատակներից մեկն է: Կենտրոնական բանկի ու նավթի վաճառքի դեմ սահմանված պատժամիջոցները ստեղծել են որոշակի խնդիրներ: Նրանց նպատակը կառավարության ու ժողովրդի վրա ճնշում գործադրելն է և երկրի տնտեսական աճի դանդաղեցումը»:

Հիշեցնենք, որ նախորդ տարվա հոկտեմբերին իրանցի պատգամավորներն Ահմադինեժադին կանչել էին խորհրդարան՝ որպեսզի նա պարզաբանումներ տար երկրի տնտեսության վերաբերյալ պատգամավորներին հուզող մի շարք խնդիրների շուրջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս