Ռուբեն Հայրապետյանը փորձում է խուսափել հայցապահանջից. փաստաբան
Այսօր Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Արսեն Բաբայանի նախագահությամբ տեղի ունեցավ ‹‹Հրանուշ Խառատյանն ընդդեմ Ռուբեն Հայրապետյանի›› քաղաքացիական գործով նախնական նիստը, որի ժամանակ հայցվոր Հ. Խառատյանի շահերի լիազոր ներկայացուցիչ Կարապետ Բադալյանն առարկեց հայցային վաղեմության ժամկետ կիրառելու պատասխանողի միջնորդության դեմ՝ հանգամանալից ներկայացնելով իր հիմնավորումները։
Ռուբեն Հայրապետյանի ներկայացուցիչը հայցային վաղեմության ժամկետ կիրառելու և այդ հիմքով հայցն ամբողջությամբ մերժելու մասին դատարանին դիմում էր ներկայացրել 2012 թվականի դեկտեմբերի 25-ին։
Հայցվորի շահերի ներկայացուցիչը դատարանի ուշադրությունը հրավիրելով այն հանգամանքի վրա, որ պատասխանող կողմը թեև նախորդ դատական նիստում միջնորդել էր ժամանակ տրամադրել` հայցադիմումին պատասխան ներկայացնելու համար, սակայն այդպես էլ գրավոր պատասխան չի ներկայացրել, այլ դատարանին խնդրել է հայցային վաղեմության ժամկետ կիրառել։ Սա, ըստ փաստաբանի, վկայում է, որ պատասխանողը, ըստ էության, ընդունել է հայցը, և քանի որ որևէ առարկություն չունի, փորձում է հայցապահանջից խուսափել` հայցային վաղեմության ժամկետը լրացած լինելու պատճառաբանությամբ:
Հիշեցնենք, որ Հ. Խառատյանի հայցադիմումն իր բարի համբավին, պատվին, արժանապատվությանը և գործարար համբավին պատճառված վնասի հատուցման պահանջի մասին է: Հ. Խառատյանը Ռուբեն Հայրապետյանից պահանջում է իրեն հասցված վիրավորանքի համար հրապարակայնորեն ներողություն խնդրել, իսկ զրպարտությունը հերքել, իսկ թե ինչ միջոցով, շահերի ներկայացուցիչը թողեց դատարանի հայեցողությանը:
Ըստ Կ. Բադալյանի, Հ. Խառատյանի վերաբերյալ Ռ. Հայրապետյանի հրապարակային խոսքի մի մասում է, իրենց գնահատմամբ, առկա է վիրավորանք, դա ողջամտության սահմաններում վիրավորանք է, իսկ եթե պատասխանող կողմը գտնում է, որ դրանք վիրավորանք չեն, պետք է ապացուցի, որ վիրավորանք չեն: Ինչ վերաբերում է զրպարտությանը, ապա օրենսգրքի համաձայն, ապացուցման բեռը, բոլոր դեպքերում, ընկնում է պատասխանողի վրա, այսինքն` նա է պարտավոր ապացուցել, որ հրապարակված նյութում ներկայացված որոշ փաստական հանգամանքներ զրպարտություն չեն:
Ընդգծենք, որ թեև պատշաճ կերպով ծանուցված լինելուն, պատասխանողը կամ նրա շահերի լիազոր ներկայացուցիչներից որևէ մեկն այսօրվա դատական նիստին չէին ներկայացել: Այնուամենայնիվ, դատարանը որոշեց հետաձգել նիստը և պատասխանող կողմին ևս մեկ անգամ հնարավորություն տալ` դատարան ներկայանալու և իր դիրքորոշումն արտահայտելու ԶԼՄ-ում հրապարակված նյութում Հ. Խառատյանին զրպարտած, վիրավորած լինել-չլինելու հարցի առնչությամբ: Հաջորդ դատական նիստը նշանակվեց ս. թ. փետրվարի 1-ին, ժամը 15:00-ին:
Դատարանը հայտնեց, որ հիշյալ ժամկետը կիրառել-չկիրառելու առնչությամբ իր դիրքորոշումը կհայտնի դատական վերջնական ակտով: