
Ինչո՞ւ է «Ռուսաստանյան երկաթուղիները» դատի տվել Apple-ին

«Ռուսաստանյան երկաթուղիներ» ընկերությունը դատական հայց է ներկայացրել ընդդեմ Apple ընկերության՝ մտավոր սեփականության իր իրավունքները պաշտպանելու համար։
Ինչպես նշվում է ընկերության պաշտոնական հաղորդագրության մեջ, Apple-ն իր օնլայն խանութում օգտագործում է «Ռուսաստանյան երկաթուղիների» ապրանքային նշանը։ Apple-ին պատկանող iTunes ինտերնետ-խանութում կան մի քանի ծրագրեր, որտեղ օգտագործվում է «Ռուսաստանյան երկաթուղիների» ապրանքային նշանը։ Դրանց օգնությամբ հնարավոր է հաշվարկել բեռների փոխադրման արժեքը Ռուսաստանի տարածքում։
Ընկերության հայցը Մոսկվայի արբիտրաժային դատարան է հանձնվել հունվարի 14-ին։ Հայցվող կողմը Apple-ից պահանջում է 2 միլիոն ռուբլի։ Խոսքը վերաբերում է «Ռուսաստանյան երկաթուղիների» նոր լոգոտիպին, որը ընկերությունը շատ ակտիվ պաշտպանում է։