Ֆինանսների նախարարության հաշվետվությունը՝ 2012 թվականին կատարված աշխատանքների մասին
ՀՀ Ֆինանսների նախարարությունն իր պաշտոնական կայքում հրապարակել է նախարարության կողմից 2012 թվական ընթացքում կատարված աշխատանքների և դրանց արդյունքների մասին հաշվետվությունը։
Հաշվետու տարվա ընթացքում հարկաբյուջետային քաղաքականությունն ուղղված էր հետճգնաժամային ժամանակահատվածում ձեռք բերված մակրոտնտեսական կայունության պահպանման ներքո բարձր տնտեսական աճի ապահովմանը, որը բնութագրվել է հարկաբյուջետային և դրամավարկային քաղաքականությունների խիստ կոորդինացված և հաշվեկշռված իրականացմամբ: Ընդ որում` հարկաբյուջետային քաղաքականության արդյունքները մեծապես պայմանավորված են եղել նախարարության կողմից` իր իրավասությունների շրջանակներում, իրականացված 2012 թվականի տնտեսական քաղաքականությունների նպատակադրումներով և դրանց ձեռքբերման արդյունքներով:
Մակրոտնտեսական արդյունքներ
2012թ. տնտեսական աճը ՀՀ ֆինանսների նախարարության գնահատականներով կկազմի շուրջ 7.1 տոկոս, իսկ ՀՆԱ-ի ինդեքս-դեֆլյատորը` 100.2 տոկոս: Մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն 2012թ. արդյունքներով կկազմի շուրջ 3073 ԱՄՆ դոլար: 2012թ. արդյունքներով տնտեսական աճին ամենամեծ նպաստումը կունենա ծառայությունների ճյուղը՝ 2.6 տոկոսային կետ, արդյունաբերության ճյուղի տնտեսական աճին նպաստումը կկազմի 1.2, իսկ գյուղատնտեսության և շինարարության ճյուղերինը համապատասխանաբար 1.7 և 0.4 տոկոսային կետ: 2012թ. պետական բյուջեի եկամուտները (առանց դրամաշնորհային ծրագրերով ստացված միջոցների և արտաբյուջեի) կազմել է 910.34 մլրդ. դրամ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճելով ` 10.3 տոկոսով: 2012թ. պետական բյուջեի ընդամենը ծախսերը (առանց արտաքին աղբյուրներից ստացված վարկային և դրամաշնորհային ծրագրերով կատարված հատկացումների և արտաբյուջեի) կազմել է 924.7 մլրդ դրամ` նախորդ տարվա նկատմամբ աճելով 3.9 տոկոսով: Պետական բյուջեի պակասուրդը (առանց դրամաշնորհային, վարկային ծրագրերի և արտաբյուջեի) 2012թ. արդյունքներով կկազմի ՀՆԱ-ի 0.35 տոկոսը` նախորդ տարվա 1.7 տոկոսի դիմաց: Ըստ գնահատականների պակասուրդը ներառյալ դրամաշնորհային, վարկային ծրագրերը կկազմի 1.7 տոկոս, նախորդ տարվա 2.8 տոկոսի և նախատեսված 3.1 տոկոսի դիմաց:
ՀՀ ֆինանսների նախարարության կողմից իրականացվել են մի շարք կարևոր քայլեր
Գործարկվել է ՀՀ էլեկտրոնային գնումների համակարգը, որի արդյունքում ՀՀ պետական կառավարման մարմինների կողմից բաց ընթացակարգով իրականացվող գնումների գործընթացները կազմակերպվում են էլեկտրոնային ձևով: «Գնումների մասին>> ՀՀ նոր օրենքի համաձայն` ստեղծվել է բողոքարկման խորհուրդ և հաստատվել “Գնումների բողոքարկման խորհրդի գործունեության կարգը”:
2012 թվականին ներդրվել և գործարկվել է վճարումների պետական էլեկտրոնային համակարգը, որի համաձայն պետական տուրքի, տեղական տուրքի կամ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից մատուցվող ծառայությունների համար գանձվող վճարի կամ վարչական տուգանքների ֆիզիկական և իրավաբանական անձանց վճարման պարտավորությունները մարվում են վճարումների պետական էլեկտրոնային համակարգի միջոցով:
Գործարար միջավայրի բարելավման, շրջանառության փոքր ծավալներ ունեցող տնտեսավարող սուբյեկտների համար պարզեցված հարկային համակարգի ձևավորման, ինչպես նաև հարկային մարմնի կողմից իրականացվող վարչարարության արդյունավետության բարձրացման նպատակով մշակվել և ընդունվել են «Շրջանառության հարկի մասինե ու «Հարկային և պարտադիր սոցիալական ապահովության վճարների արտոնություններ սահմանելու մասինե ՀՀ օրենքները, ինչպես նաև հարկային օրենսդրության և հարկային հարաբերություններ կարգավորող այլ օրենքներում փոփոխություններ և լրացումներ նախատեսող 19 այլ օրենքներ:
2012 թվականին շարունակվել են «Կուտակային կենսաթոշակների մասինե ՀՀ օրենքի կիրարկումն ապահովող ենթաօրենսդրական ակտերի մշակման և համակարգի ներդրման աշխատանքները:
Մշակվել և հաստատվել է ՀՀ կառավարության պարտքի կառավարման 2013-2015 թվականների ռազմավարական ծրագիրը (ծրագիրը ներառված է ՀՀ կառավարության 2013-2015թթ. միջնաժամկետ ծախսային ծրագրի կազմում):
Միջազգային ստանդարտներին համապատասխան ֆինանսական հաշվետվությունների ներդրման շրջանակներում “Հաշվապահական հաշվառման մասին” ՀՀ օրենքի լրամշակված նախագծով սահմանվել է ֆինանսական հաշվետվությունները www.azdarar.am Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակելու պահանջ: Արդյունքում կստեղծվի տեղեկատվական միասնական բազա, որը պետական մարմիններին հնարավորություն կընձեռնի առավել արդյունավետ իրականացնել կազմակերպությունների կողմից ֆինանսական հաշվետվությունների աուդիտի իրականացման և հրապարակման նկատմամբ վերահսկողության հետ կապված խնդիրները և գործառույթները:
2012թ. ընթացքում ”Երիտասարդ ընտանիքներին մատչելի բնակարան” պետական ծրագրով սուբսիդավորվել է թվթվ 993 վարկառուների` ընդամենը 188.4 մլն դրամ գումարով:
Տարվա ընթացքում ներքին աուդիտի համակարգ է ներդրվել 52 պետական կառավարման մարմիններում և Երևանի քաղաքապետարանում: Ներկայումս հանրապետության քաղաքային համայնքներում կատարվել են կառուցվածքային փոփոխություններ` ստեղծվել են ներքին աուդիտի ստորաբաժանումներ, մշակվել է նաև ներքին աուդիտի տեղեկատվական կառավարման միասնական համակարգը: Նշված համակարգը հնարավորություն կտա ներքին աուդիտի բոլոր փուլերի (պլանավորում, իրականացում, հաշվետվությունների կազմում և վերստուգում) փաստաթղթավորումն իրականացնել համակարգչային ծրագրի միջոցով:
2012թ. ընթացքում պետական բյուջեի կատարման նկատմամբ իրականացվել են 62 ստուգումներ և 23 ուսումնասիրություններ, իսկ 6 ստուգումներ դեռևս ընթացքում են: Արդյունքում, 2008-2012թթ իրականացված ստուգումներով արձանագրված գումարներից 2012 թվականի ընթացքում վերականգնվել և վերաձևակերպվել է ընդհանուր 1077.8 մլն.դրամ, որից 605.8 մլն. դրամը վերականգնվել է պետական բյուջե, իսկ 22,1 մլն. դրամը` կազմակերպությունների հաշվին