Ուլիսի ղեկավարությունը պատասխանեց աշխատակիցների բողոքներին
Դեկտեմբերի 31-ին ներկայացրել էինք Հայաստանի գործող չեմպիոն «Ուլիս» ակումբի մանկապատանեկան դպրոցի վիճակը և դպրոցի անձնակազմի բողոքն ակումբի ղեկավարությանը, հիշեցնենք, որ աշխատակիցները պահանջում էին իրենց 5 ամսվա աշխատավարձը, որպեսզի կարողանային նշել Ամանորը:
Տոներից հետո զրուցեցինք նաև «Ուլիսի» ղեկավարության հետ: Վերջիններիս հավաստմամբ` «Ուլիսը» ոչ թե 5, այլ 2 ամսվա աշխատավարձ է ուշացրել:
«Դպրոցը մենք ձեռք ենք բերել 2010 թվականի ապրիլին, այն ժամանակ աշխատողները 5 ամիս չէին վարձատրվել: Ակումբի ղեկավարությունը հանդիպեց նրանց և ասաց, որ ամեն ինչ կանի այդ գումարը վճարելու համար: Թեև դա մեր պարտքը չէ, բայց արդեն մի մասը` ավելի կոնկրետ` 3 ամսվա աշխատավարձը վճարել ենք: 2 ամսվանն էլ կհատկացնենք: Մենք չենք վճարել ընդամենը 2 ամսվա աշխատավարձ` 2012 թվականի հոկտեմբեր և նոյեմբեր ամիսների համար, իսկ դեկտեմբերի աշխատավարձը տալու ենք հունվարի 20-ից հետո»,- պարզաբանեց «Ուլիսի» գործադիր տնօրեն Գագիկ Գալստյանը և հավաստիացրեց, որ 2 ամսվա գումարը կտան մինչև հունվարի 15-ը:
Անդրադառնալով դպրոցի հանդերձարանների և զուգարանների վիճակին` Գագիկ Գալստյանն ասաց. ««Ուլիսն» ընդամենը 6 տարվա պատմություն ունի: Թեև այդ ընթացքում հասցրել ենք երկրի չեմպիոն դառնալ, բայց դեռ շատ խնդիրներ ունենք, փորձում ենք ըստ հերթականության լուծել դրանք: Հասկանում ենք, որ մանկապատանեկան դպրոցի մինիմալ պայմաններն ապահովելը նույնպես առաջնային խնդիր է: Վստահեցնում եմ, որ շատ շուտով` այս գարնանը երեխաների համար կապահովվեն մինիմալ պայմանները: Հիմնովին չենք կարող վերանորոգել, բայց կոսմետիկ վերանորոգում անպայման կլինի»:
Մեր դիտարկմանը, թե խոսակցություններ են շրջանառվում, որ «Ուլիսը» կարող է շուտով կազմալուծվել և հնարավոր է` դա է թիմի անկման և դպրոցին անուշադրության մատնելու պատճառը, «Ուլիս-սպորտի» տնօրեն Արման Սիմոնյանը պատասխանեց. «Այդ լուրերը չեն համապատասխանում իրականությանը: «Ուլիսում» դրված է յուրաքանչյուրիս հոգին, այստեղ շատերը նվիրյալներ են, և չենք պատրաստվում մեր 6 տարվա քրտինքը, տանջանքն ու հաջողությունները ջուրը գցել: Այո, որոշակի ֆինանսական խնդիր եղել են, բայց ամեն ինչ հետզհետե հարթվում է: Կարող եք վստահ լինել` «Ուլիսը» չի կազմալուծվում և դեռ պայքարելու է ամենաբարձր մրցանակների համար»,- նշեց Արման Սիմոնյանն ու իր հերթին ասաց, որ իրենք մեծ հույս են կապում մանկապատանեկան դպրոցի սաների հետ:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը