«Սերժ Սարգսյանը կպայքարի առանձին իր համար, իսկ մնացած բոլոր թեկնածուները` առավելագույն ձայնը և 8 մլն դրամը հետ ստանալու համար»

Ասում է հայտնի լրագրող Ռուզաննա Խաչատրյանը

– Այս տարիների ընթացքում տարբեր կուսակցություններից իրենց անդամակցելու առաջարկներ Ձեզ եղե՞լ են:

– Ոչ, բացարձակ:

– Իսկ Ձեզ երբևէ պատկերացրե՞լ եք որևէ կուսակցության շարքում:

Կարդացեք նաև

– Ոչ, փոխադարձ է եղել (ժպտում է.- Գ.Ա.):

– Այսօր լրատվամիջոցներից շատերը պատկանում են տարբեր քաղաքական ուժերի, և լրագրողներից շատերը կամա-ակամա դառնում են տվյալ կուսակցության պրոպագանդիստը:

– Լրագրողը որևէ կուսակցությունից, խմբավորումից, աղանդից, նույնիսկ լրագրողական համքարությունից պետք է վեր կանգնած լինի: Եթե կամա-ակամա են դառնում որևէ կուսակցության պրոպագանդիստը, ապա պետք է թողնեն լրագրությունը: Կարծում եմ, եթե լրագրողը մի փոքր ոտքը պնդացնի՝ կարող է ցանկացած կուսակցության կամ խմբավորման ներսում պահպանել լրագրողական պրոֆեսիոնալ սկզբունքները: Օրինակ, ես վերջին մեկ տարում «Կենտրոն» հեռուստաընկերությունում միայն միջազգային լուրեր եմ պատրաստել:

– Անդրադառնանք ՀՀ նախագահական առաջիկա ընտրություններին, ինչպիսի՞ քարոզարշավ է սպասվում, ընտրապայքարն ինչպիսի՞ն կլինի:

– Կանխատեսումներ անելը փոքր-ինչ անշնորհակալ գործ է: Հակառակվելով իմ ամենամտերիմ և գնահատված լրագրողին` Աննա Իսրայելյանին, ով Ձեզ հետ զրույցում մեջբերել էր Յարոսլավ Հաշեկի հերոս Շվեյկի խոսքերը, թե` «Շատ անհետաքրքիր համաշխարհային պատերազմ դուրս եկավ, ես այդ ամենը լրիվ այլ կերպ էի պատկերացնում…», ասեմ, որ հետաքրքրություն կնկատվի, որովհետև շատ տարբեր մարդիկ են առաջադրվել:

Կա թե՛ 1988-1990-ից անընդհատ ուժային պաշտոնյա կամ ուժային միավորման ղեկավար Սերժ Սարգսյանը, կա թե՛ Սովետական շրջանի այլախոհ, 17 տարի մեր անկախության համար ձերբակալված քաղաքական գործիչ Պարույր Հայրիկյանը, կա թե՛ Րաֆֆի Հովհաննիսյանը, ով մոտ 10 տարի առաջ հայաստանյան քաղաքականության մեջ նոր մշակույթ բերեց, կա թե՛ Հրանտ Բագրատյանը, ով չգիտես դեռ նախկին իշխանությունների ռևանշի՞, թե՞ մեկ ուրիշ ակունքներից է գալիս, և կան նաև անհայտ մարդիկ, ովքեր ևս հետաքրքիր են:

Եթե հետազոտություն կատարվեր, կհասկանայինք՝ ի վերջո, ժողովուրդը երկրի նախագահի պաշտոնում ո՞ւմ է ուզում տեսնել: Էպո՞ս է ուզում, գնո՞ւմ է իր հին հեքիաթային ակունքները, ո՞ւժ է ուզում, ռոմանտի՞կ նախագահ է ուզում, նո՞ր մշակույթ է ուզում… հետաքրքիր կլիներ արդյունքը տեսնել: Եթե կարողանար Նարինե Մկրտչյանը ևս առաջադրվել, հնարավոր է՝ պարզվեր, որ այս հասարակությունը նաև կին նախագահ է ուզում և չի արհամարհում կնոջը:

– Մրցակցությունը մեծամասամբ ո՞ւմ միջև կծավալվի:

– Մի փոքր պարադոքսալ բան պետք է ասեմ` Սերժ Սարգսյանը կպայքարի առանձին իր համար, իսկ մնացած բոլոր թեկնածուները` առավելագույն ձայնը և 8 մլն դրամը հետ ստանալու համար: Գուցե անակնկալներ լինեն, բայց կարծում եմ` Սերժ Սարգսյանը կհաղթի:

– Ու գալիք հինգ տարիներին ի՞նչ փոփոխություններ կլինեն:

– Չգիտեմ, նույնը: Կուզենամ Ղարաբաղի հարցում խաղաղություն լինի: Սերժ Սարգսյանը զինադադարի ստորագրողներից մեկն է եղել: Մի անգամ նրան հարցրեցի, թե խաղաղության պայմանագիրը ո՞վ է ստորագրելու: Չեմ հիշում, թե ի՞նչ պատասխանեց, բայց հիշում եմ նրա դեմքի արտահայտությունը, թե` ես եմ ստորագրելու: Եթե այդպես է լինելու, և եթե Լեռնային Ղարաբաղի կարգավիճակն իր սահմաններով անկախ է ամրագրվելու, ես կուզենամ, որ առաջիկա հինգ տարիներին խաղաղության պայմանագիրը կնքվի:

– Ուրիշ որևէ մեկին տեսնո՞ւմ եք, ով կարող է կնքել խաղաղության պայմանագիրը:

– Երևի թե բոլորն էլ կարող են, նույնիսկ էպոսագետը, որովհետև հարցը միայն նախագահով չի որոշվում: Ով էլ լինի մեր երկրի նախագահը, պետք է լավ խորհրդականներ ունենա: Այս հարցը բավական երկար մշակվել է, չեմ կարծում, որ այն միայն երկրների նախագահներից է կախված: Գիտեմ, որ ստատուս-քվոն շատ երկար պահպանվելու է: Ես ուզում եմ լավատես լինել:

– Ի՞նչ եք կարծում` մեզանում քաղաքականությունն ու բարոյականությունը համատեղելի՞ են:

– Նայած՝ ո՛ւմ համար: Կան բարոյական քաղաքական գործիչներ, կան նաև ոչ շատ բարոյական քաղաքական գործիչներ: Ես չեմ ուզում անուններ տալ, բայց մենք ունենք բարոյական քաղաքական գործիչներ: Մի փոքր ցինիզմ ունեցող բարոյական քաղաքական գործիչներ էլ ունենք: Եթե ցինիզմը սահմաններում է, ապա այն վատ բան չէ: Եթե բարոյականության մեջ մտնում է նաև ստելու և չստելու հատկությունը, այսինքն` ով ստում է՝ բարոյական չի, ով չի ստում՝ բարոյական է, ապա նույնը կարելի է ասել նաև լրագրողների համար: Իրար թև թևի տված առաջ ենք գնում (ժպտում է.- Գ.Ա.):

Տեսանյութեր

Լրահոս