«Ինձ համար շատ թանկ է զգացմունքը». Արկադի Սևումյան
Հունվարի 10-ին «Դալան» գալերեայում տեղի ունեցավ Մոսկվայում բնակվող մեր հայրենակից Արկադի Սևումյանի անհատական ցուցահանդեսը: Մոսկվայի «Քինգ» գալերեայում ցուցադրվելուց հետո՝ Ա. Սևումյանի աշխատանքներն առաջին անգամ են Հայաստանում ցուցադրվում, որը կներկայացվի մինչև հունվարի 13-ը, քանի որ հեղինակը պետք է կրկին մեկնի Մոսկվա: Ինքը՝ Ա. Սևումյանը, շատ դրական էներգետիկայով մարդ է, ով իսկական ուսումնասիրության աղբյուր է համարում մարդկային զգացմունքը: Նույնիսկ իր ստեղծագործություններում նա կարողանում է որսալ մարդու զգայականությունն ու գույների, պատկերի միջոցով զգացմունքը հուզելու աստիճան դիպուկ վերարտադրել: «Ես սիրում եմ ֆիքսել էմոցիաները:
Ի վերջո, էմոցիան է շարժում ողջ մարդկության շրջապտույտը: Ինձ համար շատ թանկ է առհասարակ զգացմունքը: Կարող եմ տեսնել մի էնպիսի էմոցիա, որն այնքան կտպավորվի իմ մեջ, որ նույնիսկ մի երեք տարի հետո կարող եմ նկարել: Իրավիճակներ վերարտադրել նույնպես սիրում եմ»,- ասում է Ա. Սևումյանը, ում բազմաթիվ գեղանկարների մեջ առանձնանում է մոլբերտի վրա տեղադրված մի կնոջ պորտրետ, որն իսկապես արտացոլում է զգայականության ողջ դաշտը:
Մասնագիտությամբ լինելով ինժեներ՝ նա առանձնապես չի տառապում ամենատաղանդավոր նկարչի համբավ ձեռք բերելու ամբիցիաներով: Ճիշտ հակառակը՝ ամենաքիչը խոսում է իր ստեղծագործություններից՝ գնահատականներ ու բացատրություններ տալը համարելով անհամեստություն: Նա սիրում է իր նկարներին ու դրանց դիտողներին ազատություն տալ, և այդ ազատությունն օգնում է թափառել հեղինակի աշխարհի տարբեր երկրները պատկերող պատմական, քաղաքային վավերագրության տարածություններով:
Ա. Սևումյանը 2004 թվականից ԱՊՀ երկրներում ներկայացնում է իտալական «Սեկո» խոշոր ընկերությունը, որն աշխարհի շատ երկրներում ներկայացուցչություններ ունի:
«Շատ եմ սիրում ճարտարապետություն. այն ինձ ոգեշնչում է, մասնավորապես իտալական, ռուսական, հայկական ճարտարապետությունը շատ հետաքրքիր է: Հայաստանում ապրելու տարիներին շատ էի ցանկանում Կոջոյանի դպրոց հաճախել, բայց ծնողներս դեմ էին: Ածուխով, մատիտով վաղուց էի նկարում: Անցյալ տարի թեև համարձակություն ունեցա կտավի վրա նկարել, այդուհանդերձ վախենում էի կտավից: Մոսկվայում մասնագիտացված կուրսերի մասնակցեցի: Մասնակցելով այդ դասերին` սկսեցի յուղաներկով նկարել, և իմ աշխատանքներից երեք կտավներն էլ անմիջապես ներկայացրին ցուցահանդեսում»,- պատմում է Ա. Սևումյանը, ով վերջին տարիներին հաճախ է այցելում Հայաստան:
Ասում է՝ երկար տարիներից հետո առաջին անգամ Հայաստան եկել է Հայաստան-Մակեդոնիա ֆուտբոլային խաղին մասնակցելու համար, որից հետո բավականին հաճախ է լինում այստեղ: «Ֆուտբոլային խաղերն առիթ հանդիսացան, որ ռուս, ուկրաինացի, իտալացի ընկերներիս հետ Հայաստան այցելեմ ու նրանց ներկայացնեմ մեր երկիրը:
Բնականաբար, ընկերներիս այստեղ բերելու նպատակը մեր երկրին, մեր պատմությանը ծանոթացնելն է: Պետք է նշեմ, որ հատկապես իտալացի իմ գործընկերները շատ տպավորված են Հայաստանով: Անկեղծ ասած՝ աշխատանքի պատճառով չեմ կարող այստեղ երկար մնալ, բայց մեծ սիրով կապրեի այստեղ»,- ասում է նա՝ հավելելով, որ քաղաքը շատ է գեղեցկացել, բայց չնայած դրան՝ իր իտալացի գործընկերներն իրեն շատ հարցեր են տալիս: Օրինակ՝ «Երևան» հյուրանոցի շրջակայքը թեև բավականին գեղեցիկ է, այդուհանդերձ հարակից՝ «Դալան» գալերեայի ետնամասը վերածվել է աղբանոցի: Համարում է, որ զբոսաշրջության մենեջմենթը զարգացած չէ, և Հայաստանում արժեք համարվող շատ երևույթներ պատշաճ չեն ներկայացվում.
«Երևանը հին քաղաք է, բայց ճարտարապետությունը, որն իրենից մեծ արժեք է ներկայացնում, չի պահպանվում: Այն, ինչ կառուցվում է, ինձ դուր է գալիս, բայց օրինակ՝ Իտալիայի նման երկրում հնությանը ձեռք չեն տալիս:
Մենք պետք է կարողանանք պահպանել մայրաքաղաքի հին ճարտարապետությունը: Իմ օտարերկրյա ընկերները շատ են տպավորվում Գառնի, Գեղարդ և Հայաստանի պատմական այլ վայրերով: Մյուս այցելության ժամանակ անպայման մեկնելու ենք Շուշի»: Ա. Սևումյանին նաև զարմացրել է «Դալան» գալերեայում բացված իր ցուցահանդեսին մասնակցող մարդկանց ակտիվությունը: «Մարդկանց ուրախությունն ինձ շատ զարմացրեց: Իտալացիներն ասում էին՝ մի քանի քմ տարածության մեջ այդքան ժպիտ ու ոգևորություն չէինք տեսել: Իսկապես շատ դրական ու լավ բաներ կան մեր հայրենիքում, որոնք պետք է նկատել»,- ասում է Ա. Սևումյանն, ով խոստանում է մյուս այցելությունների ընթացքում նաև շրջել Հայաստանի գյուղերով: