Չեմ պատկերացնում, որ կարելի է մեկ ժամում հերքել բոլոր տեղեկությունները. ՄԻՊ երեխաների իրավապաշտպանը` «Մխիթարյան» դպրոցի դեպքերի մասին
Ավանի «Մխիթարյան» դպրոցի մասին տարածված ինֆորմացիայի հետքերով երեկ դպրոց էր այցելել նաև Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի երեխաների իրավապաշտպան Աիդա Մուրադյանը: 168.am-ի հետ զրույցում վերջինս նշեց, որ այցելության ընթացքում իրենց չհաջողվեց ոչինչ պարզել ինֆորմացիայի հերքման կամ հաստատման համար: Ըստ Աիդա Մուրադյանի՝ իրենց համար այցելության ընթացքում մի շարք խնդիրներ պարզ դարձան, որոնց կապակցությամբ ՄԻՊ գրասնեյակը շարունակելու է քննությունը.
«Մեկ այցի շրջանակներում հնարավոր չէ եզրակացնել՝ խախտումներ այդ դպրոցում կան, թե չկան: Այդ պատճառով մենք փորձելու ենք ավելի մանրակրկիտ ուսումնասիրություն կատարել: Չպարզելու պատճառներից էր նաև այն, որ և´ երեխաները, և´ աշխատակազմը արձակուրդում են, հետևաբար այցելության ընթացքում մենք կարողացանք ծանոթանալ միայն երեխաների պահման պայմանների հետ, ինչը բավարար չէր եզրակացնելու համար, թե այդ խնդիրներն այնտեղ իրականում կան, չկան, և որքանով է ստացված տեղեկությունը հավաստի կամ ոչ հավաստի: Սա լուրջ խնդիր է և համակողմանի, լուրջ ուսումնասիրության կարիք ունի»:
Անդրադառնալով ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան ստատուսին, որտեղ նախարարը հերքել է տարածված լուրերը՝ նշելով, որ ԿԳՆ արագ արձագանքման խումբը եղել է դպրոցում ու պարզել, որ երեխաներին խոշտանգելու և բռնությունների մասին տեղեկությունը իրականությանը չի համապատասխանում, Աիդա Մուրադյանը նշեց. «Անկեղծ ասած՝ չեմ պատկերացնում, որ կարելի է մեկ ժամում հերքել բոլոր տեղեկությունները: Բայց եթե ասում են, հնարավոր է: Մենք այնտեղ եղել ենք ժամը 1:30-ից մինչև 15:00-ի սահմաններում, իրենց այնտեղ ամեն դեպքում չենք հանդիպել: Խոսել ենք միայն կրթական մասով տեղակալի հետ»:
Հիշեցնենք, որ համացանցում Երևանի Ավան վարչական շրջանի բնակիչների կողմից հաղորդում էր տարածվել այն մասին, որ ՀՀ ԿԳ նախարարության կողմից դպրոցին տրված լիցենզիայի հիման վրա այս հաստատությունը պիտի լիներ երկսեռ սովորական, հանրակրթական դպրոց, բայց օրենքի բոլոր նորմերը խախտելով՝ գործում է իբրև միասեռ գիշերօթիկ կրոնական հաստատություն:
Ըստ բնակիչների` դպրոցի տնօրենը, չունենալով մանկավարժական որակավորում, վերոհիշյալ դպրոցում դասավանդում է «Ռազմագիտություն» առարկան, սակայն հստակ չտիրապետելով առարկային՝ իրական պատերազմի հարթակ է հաճախակի ստեղծում ոչ միայն դպրոցում, այլև թաղամասում: Աշակերտներից ոմանք թաղամասի իրենց տարեկից ընկերներին գաղտնի պատմել են, որ տխրահռչակ «ռազմիկ-հսկիչը» պարբերաբար ծեծում և պատժում է երեխաներին` պատճառելով նաև մարմնական լուրջ վնասվածքներ: Բնակիչներն ահազանգում են, որ դպրոցի տնօրենը երեխաներին ստիպում է ընդունել անհայտ ծագման դեղեր և հեղուկներ:
«Հագնելով կաթոլիկ հոգևորականի սքեմ` իր ամբողջ «բարությամբ» հաճախակի պատժում է երեխաներին` ստիպելով, որ աղոթեն` այսպիսով հակակրանք առաջացնելով աղոթքի հանդեպ, որը մարդուն պետք է տար հոգեկան խաղաղություն և ներդաշնակություն, բայց այն ծառայեցնում է հոգիները խեղաթյուրելու համար, իսկ եթե աշակերտը չի գոհացնում իրեն՝ ստիպում է, որ մերկ և ծնկաչոք աղոթի: Այս փուլերն ավարտելուց հետո այս «բարի վարդապետն» ուզած ժամանակ հեռացնում է ցանկացած երեխայի, առանց հաշվետու լինելու որևէ մեկին (ո՛չ իր վերադասին (եթե այդպիսիք կան), ո՛չ ԿԳ նախարարությանը, և ո՛չ էլ ծնողներին): Եվ եթե որևէ գերատեսչությունից ստուգողներ են այցելում դպրոց, երեխաներին փակում է մատուռում կամ դասարանում, որպեսզի նրանց ոչ ոք չտեսնի, և իրական կացության մասին ոչինչ չիմանան»,- ասված է նամակում:
168.am-ի հետ զրուցում ՀՀ ոստիկանության Հասարակության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը տեղեկացրել էր, որ ոստիկանության համապատասխան ծառայություններն այժմ ստուգումներ են կատարում Ավանում գտնվող գիշերօթիկ դպրոցում: