Ավանի դպրոցի մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը. պարզաբանում է Աշոտյանը

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջուրմ պարզաբանել է Ավանի «Մխիթարյան» կրթահամալիրի հետ կապված տեղեկությունները: Ըստ Աշոտյանի՝ ԿԳՆ ներկայացուցիչները այսօր եղել են կրթահամալիրում և իրնեց լիազորությունների շրջանակներում պարզել են, որ անանուն նամակում բերված երեխաներին խոշտանգելու և բռնությունների մասին տեղեկությունը իրականությանը չի համապատասխանում:

«Դպրոցը համապատասխանում է հանրակրթական ծրագիր իրականացնելու համար լիցենզիայի պայմաններին: Դպրոցը մասնավոր է, և ոչ մի ծնող պաչտավորված չէ այնտեղ ուղարկել իր երեխային: Ծնողները ԿԱՄԱՎՈՐ են ընտրել այդ դպրոցը իրենց երեխաների համար: Միասեռ դպրոց-պանսիոնները ուսումնական հաստատությունների տարածված ձև են նաև ԱՄՆ-ում և Եվրոպայում` Մեծ Բրիտանիա, Ավստրիա, Գերմանիա»,- գրել է Աշոտյանը:

Հիշեցնենք, որ համացանցում երեկ Երևանի Ավան վարչական շրջանի բնակիչների կողմից հաղորդում էր տարածվել այն մասին, որ ՀՀ ԿԳ նախարարության կողմից դպրոցին տրված լիցենզիայի հիման վրա այս հաստատությունը պիտի լիներ երկսեռ սովորական, հանրակրթական դպրոց, բայց օրենքի բոլոր նորմերը խախտելով, գործում է իբրև միասեռ գիշերօթիկ կրոնական հաստատություն: Ըստ բնակիչների` դպրոցի տնօրենը, չունենալով մանկավարժական որակավորում, վերոհիշյալ դպրոցում դասավանդում է «Ռազմագիտություն» առարկան, սակայն հստակ չտիրապետելով առարկային՝ իրական պատերազմի հարթակ է հաճախակի ստեղծում ոչ միայն դպրոցում, այլև թաղամասում: Աշակերտներից ոմանք թաղամասի իրենց տարեկից ընկերներին գաղտնի պատմել են, որ տխրահռչակ «ռազմիկ-հսկիչը» պարբերաբար ծեծում և պատժում է երեխաներին` պատճառելով նաև մարմնական լուրջ վնասվածքներ: Բնակիչներն ահազանգում են, որ դպրոցի տնօրենը երեխաներին ստիպում է անհայտ ծագման դեղեր և հեղուկներ խմել:
«Հագնելով կաթոլիկ հոգևորականի սքեմ` իր ամբողջ «բարությամբ» հաճախակի պատժում է երեխաներին` ստիպելով, որ աղոթեն` այսպիսով հակակրանք առաջացնելով աղոթքի հանդեպ, որը մարդուն պետք է տար հոգեկան խաղաղություն և ներդաշնակություն, բայց այն ծառայեցնում է հոգիները խեղաթյուրելու համար, իսկ եթե աշակերտը չի գոհացնում իրեն ստիպում է, որ մերկ և ծնկաչոք աղոթի: Այս փուլերն ավարտելուց հետո այս «բարի վարդապետը» ուզած ժամանակ հեռացնում է ցանակացած երեխայի, առանց հաշվետու լինելու որևէ մեկին (ո՛չ իր վերադասին (եթե այդպիսիք կան), ո՛չ ԿԳ նախարարությանը և ո՛չ էլ ծնողներին): Եվ եթե որևէ գերատեսչությունից ստուգողներ են այցելում դպրոց, երեխաներին փակում է մատուռում կամ դասարանում, որպեսզի նրանց ոչ ոք չտեսնի և իրական կացության մասին ոչինչ չիմանան»,- ասված է նամակում:

Աշոտյանը միաժամանակ գրել է. «Զուգահեռ մենք պարզել ենք, որ նամակն իրոք ԱՆԱՆՈՒՆ Է: Այն առաջինը ստացած ԶԼՄ-ն չունի և ոչ մի հստակ կոորդինատ, ազգանուն, ստորագրություն, հեռախոս. նամակը իբր ստորագրված է Ավանի բնակիչների անունից: Մեր ունեցած տեղեկություններով, անոնիմկայի իրական հեղինակը բնակվում է Հայաստանի հյուսիսային մարզերից մեկում, որ մի կապ չունի կրթահամալիրի հետ: Նամակի իրական դրդապատճառը, ըստ ամենայնի, անձնական բնույթի խնդիրներն են Մխիթարյան միաբանության հետ, որոնց կապակցությամբ հեղինակը վրեժ է լուծել նման ապատեղեկատվական եղանակով: ՀՀ ԿԳՆ-ն այլևս չի զբաղվելու և չի արձագանքելու անանուն հաղորդագրություններին և ահազանգերին: ՀՀ ԿԳՆ-ն պատրաստ է ապագայում ևս օպերատիվ արձագանքել դպրոցներում երեխաների իրավունքների խախտման դեպքերի մասին արժանահավատ, հավաստի և հստակ տեղեկություններին: Եվ վերջում: Որքանով է բարոյական անձնական տարաձայնություները և աշխատանքային վեճերը լուծել ստահոդ տեղեկություններ տարածելու և հազարավոր մարդկանց հույզերի, բարեգթության և ազնվության վրա խաղալու եղանակով»:

Տեսանյութեր

Լրահոս