Ոստիկանությունը ստուգումներ է անցկացնում Ավանի դպրոցում

ՀՀ ոստիկանության համապատասխան ծառայություններն այժմ ստուգումներ են կատարում Ավանում գտնվող գիշերօթիկ դպրոցում: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանության Հասարակության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը: Նրա խոսքով` Ոստիկանությունում ցանկացած հաղորդում ուշադրության կենտրոնում է պահում. այս հաղորդումը դրանց շարքից է:

Հիշեցնենք, որ համացանցում այսօր Երևանի Ավան վարչական շրջանի բնակիչների կողմից հաղորդում էր տարածվել այն մասին, որ ՀՀ ԿԳ նախարարության կողմից դպրոցին տրված լիցենզիայի հիման վրա այս հաստատությունը պիտի լիներ երկսեռ սովորական, հանրակրթական դպրոց, բայց օրենքի բոլոր նորմերը խախտելով՝ գործում է իբրև միասեռ գիշերօթիկ կրոնական հաստատություն:

Ըստ բնակիչների`դպրոցի տնօրենը, չունենալով մանկավարժական որակավորում, վերոհիշյալ դպրոցում դասավանդում է «Ռազմագիտություն» առարկան, սակայն հստակ չտիրապետելով առարկային՝ իրական պատերազմի հարթակ է հաճախակի ստեղծում ոչ միայն դպրոցում, այլև թաղամասում: Աշակերտներից ոմանք թաղամասի իրենց տարեկից ընկերներին գաղտնի պատմել են, որ տխրահռչակ «ռազմիկ-հսկիչը» պարբերաբար ծեծում և պատժում է երեխաներին` պատճառելով նաև մարմնական լուրջ վնասվածքներ: Բնակիչներն ահազանգում են, որ դպրոցի տնօրենը երեխաներին ստիպում է ընդունել անհայտ ծագման դեղեր և հեղուկներ:

«Հագնելով կաթոլիկ հոգևորականի սքեմ` իր ամբողջ «բարությամբ» հաճախակի պատժում է երեխաներին` ստիպելով, որ աղոթեն` այսպիսով հակակրանք առաջացնելով աղոթքի հանդեպ, որը մարդուն պետք է տար հոգեկան խաղաղություն և ներդաշնակություն, բայց այն ծառայեցնում է հոգիները խեղաթյուրելու համար, իսկ եթե աշակերտը չի գոհացնում իրեն՝ ստիպում է, որ մերկ և ծնկաչոք աղոթի: Այս փուլերն ավարտելուց հետո այս «բարի վարդապետն» ուզած ժամանակ հեռացնում է ցանկացած երեխայի, առանց հաշվետու լինելու որևէ մեկին (ո՛չ իր վերադասին (եթե այդպիսիք կան), ո՛չ ԿԳ նախարարությանը, և ո՛չ էլ ծնողներին): Եվ եթե որևէ գերատեսչությունից ստուգողներ են այցելում դպրոց, երեխաներին փակում է մատուռում կամ դասարանում, որպեսզի նրանց ոչ ոք չտեսնի, և իրական կացության մասին ոչինչ չիմանան»,- ասված է նամակում:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս