
Նախագահի հանձնարարականներն ամբողջությամբ կատարված են. Երվանդ Զախարյան

«Եթե չասենք, որ կոռուպցիան ամբողջությամբ վերացվել է համակարգում, կարող ենք արձանագրել, որ դա իսպառ մինիմումի է հասցված»,- այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ կառավարությանն առընթեր Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Երվանդ Զախարյանը: Ըստ նրա՝ դրանով է պայմանավորված, որ հանրապետության քաղաքացիների կողմից ստացվող դիմում-բողոքների քանակը, ինչպես նաև կոմիտեի դեմ հայցերի քանակը մեծապես նվազել են:
Երվանդ Զախարյանի խոսքով՝ 2009-ին, երբ ինքը նոր էր նշանակվել այս պաշտոնում, հիմնականում զբաղված է եղել զանգերին, միջնորդություններին պատասխանելով, իսկ այժմ, ըստ նրա, բողոքները շատ քիչ են: Դրանք հիմնականում վերաբերում են նախորդ տարիներին չլուծված խնդիրներին: Զախարյանի խոսքով՝ վերացել է նաև իրավունքի պետական գրանցման համար տրված դիմումներով մերժումների քանակը: Եթե նախկինում նաև անհիմն մերժումներ են եղել, ապա այժմ դրանք գրեթե չկան:
«Ես ուզում եմ ուրախությամբ հայտարարել, որ այն բոլոր խնդիրները, հանձնարարականները, որոնք եղել են հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի կողմից, այս երեք տարիների ընթացքում, այսօր ամբողջությամբ կատարվել են»,- ասաց Երվանդ Զախարյանը:
Հարցին՝ որո՞նք են ոլորտի խոշոր բացթողումները, Երվանդ Զախարյանը պատասխանեց, որ մեկ խոշոր բացթողում կա ոլորտում. դա քարտեզագրման աշխատանքների ավտոմատացված համակարգի բացակայությունն է. «Մինչ դա չունենանք, ես գտնում եմ, որ մեր աշխատանքները թերի են»: