
Լևոն Զուրաբյան-Վարդան Օսկանյան հայտնի ձայնագրության վերաբերյալ շուտով նոր մանրամասներ կլինեն

Նախկին արտգործնախարար, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանի և ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լևոն Զուրաբյանի գաղտնի ձայնագրության առթիվ հարուցված քրեական գործի վերաբերյալ հնարավոր է շուտով նոր մանրամասներ հայտնի լինեն: Այս մասին galatv.am-ի հետ զրույցում ասել է Հատուկ քննչական ծառայության հատկապես կարևոր գործերով քննիչ Մուշեղ Բաբայանը:
«Նախաքննությունը հիմա ընթացքի մեջ է: Այս պահին նաև հաշվի առնելով, որ չբացահայտված հանցագործություն է, նախաքննության գաղտնիությունից ելնելով հրապարակման ենթակա որևէ նոր բան չկա, ինչ որ կար հրապարակելու` մամուլով արդեն հրապարակել ենք: Միգուցե մի 15-20 օր հետո նախաքննության որոշ տվյալներ նախաքննության մարմինը նպատակահարմար գտնի հրապարակելու համար»,- նշել է նա:
Կանչվելո՞ւ են արդյոք նորից հարցաքննության պատգամավորները, քննիչն ասել է, թե չի կարող ասել.
«Այս պահին չեմ կարող ասել, նրանք արդեն հարցաքննվել են մեկ անգամ, եթե կլինեն լրացուցիչ հարցեր, իհարկե, կկանչենք հարցաքննության»,- տեղեկացրել է Մուշեղ Բաբայանը:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 15-ին youtube-ում հայտնվել էր Վարդան Օսկանյանի և Լևոն Զուրաբյանի առանձնազրույցի գաղտնի ձայնագրությունը, որտեղ բավական ուշագրավ հայտարարություններ էր արել հատկապես ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը: