Թունավորման 29 դեպք Երևանում

Հունվարի 1-ից մինչ այսօր Երևանում թունավորման 29 դեպք է գրանցվել: Սրանցից 8-ը ալկոհոլային թունավորման դեպքերն են, 7-ը՝ դեղորայքային թունավորում, 7-ը՝ շմոլ գազի: Այս մասին լրագրեղների հետ հանդիպման ժամանակ ասաց «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի սուր թունավորումներ բաժնի վարիչ, ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր թունաբան Միքայել Գաբրիելյանը: Ըստ նրա՝ որոշ հիվանդների բուժումը շարունակվում է: Մահվան դեպքեր չեն գրանցվել:

«Այդ թիվը մի փոքր ավելի է նախորդ տարվա հետ համեմատած: Պետք է նշեմ, որ ալկոհոլային թունավորումների թիվը տարեցտարի ավելանում է: Արդեն 3-րդ տարին է՝ նկատվում է այդ աճը»,- ասաց հանրապետության գլխավոր թունաբանը:
Ըստ նրա՝ եթե նախկինում ալկոհոլային թունավորումներով հիվանդանոց էին տեղափոխվում հիմնականում միջին տարիքի անձիք, ապա այժմ շատ են ալկոհոլային թունավորումներով երիտասարդ անձիք: Ընդ որում, կան նաև թունավորումներով հիվանդանոց տեղափոխված կանայք: Միքայել Գաբրիելյանի խոսքով՝ թունավորումների պատճառը ոչ թե ալկոհոլի վատ որակն է, այլ այկոհոլի չարաշահումը. «Մենք թունավոր նյութերով ալկոհոլի հետ կապված ոչ մի թունավորման դեպք չենք ունեցել»: Դեղորայքային թունավորման դեպքում ևս պատճառը ոչ թե անորակ դեղորայքն է, այլ դեղորայքի չարաշահումը:

Միքայել Գաբրիելյանի պնդմամբ՝ այս տարի սնկից թունավորումներ չեն գրանցվել: Նրա խոսքով՝ հանրապետության հիվանդանոցներում մոտավորապես նույն պատկերն է: «Անցած տարի ալկոհոլային թունավորմամբ 300 դեպք ենք ունեցել, ընդհանուր հիվանդների քանակը 904 էր: 2011-ին ալկոհոլային թունավորման 209 դեպք է գրանցվել»:

ՀՀ ԱՆ գլխավոր թունաբանը նշեց, որ անցյալ տարի ալկոհոլային թունավորումից մահվան 2 դեպք է գրանցվել: 2-ն էլ եղել են անօթևան անձիք:

Տեսանյութեր

Լրահոս