«Հետաքրքիր ստացվեց, որ Ծառուկյանը, Տեր-Պետրոսյանն ու Քոչարյանը չառաջադրվեցին»

Հարցազրույց Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանի հետ

– Նախագահական ընտրություններում մասնակցելու հայտ են ներկայացրել միանգամից 15 թեկնածուներ, որոնց մեծ մասը չունեն քաղաքական կենսագրություն: Ըստ Ձեզ`սա ինչի՞ հետևանք է:

– Սա հայաստանյան այսօրվա քաղաքական դաշտի ցածր որակի դրսևորումն է: Այստեղ կան երկու կարևոր գործոններ. առաջինը` ընդհանուր առմամբ, ի տարբերություն այլ պետությունների, Հայաստանի մարզերը կառավարում են ՀՀ նախագահի կողմից նշանակված մարզպետները: Սա նշանակում է, որ մենք չունենք լավ պատրաստված մարզային թեկնածուներ, որոնք տեղական` մարզային մակարդակից կբարձրանան դեպի ազգային մակարդակ: Շատ երկրներում, այդ թվում` և Միացյալ Նահանգներում մարզային կառավարությունները լավ աղբյուր են հանդիսանում ազգային-պետական կառավարման համար: Ուստի` ընդհանուր իմաստով` նշանակվող մարզպետները Հայաստանի սահմանադրական փոփոխությունների բացթողումն է:

Երկրորդ գործոնն ավելի կոնկրետ է և քիչ ընդհանրական. մենք չունենք իրական քաղաքական կուսակցություններ Հայաստանում, կուսակցությունների մեծագույն մասն անձերի վրա հիմնված կառույցներ են, ոչ թե կուսակցություններ` որպես քաղաքական շարժող ուժ: Եվ կուսակցությունների մեծ մասը չունի ներքին ժողովրդավարություն:

Կարդացեք նաև

Հետևաբար` այս ընտրությունների սահմանափակված լինելը բերում է երկու կարևոր խնդիր. խնդիրներից մեկն այն է, որ ելնելով այսօրվա քաղաքականության բնույթից` նոր մարդիկ կամ երիտասարդները չեն ուզում ներգրավվել քաղաքականության մեջ: Մենք որևէ նոր բանի կարիք ունենք, մենք ունենք կարիք այնպիսի քաղաքականության, որտեղ կլինի քաղաքականությունների քննարկում և բանավեճ, այլ ոչ թե անձերի մրցույթ: Մյուս խնդիրն այն է, որ մենք ունենք առաջնորդների և առաջամարտիկության պակաս: Այսինքն, ինչպես միշտ, բացատրում եմ, իշխանություն ունենք, բայց ղեկավարություն չունենք: Շատ մեծ տարբերություն կա երկիրը կառավարելու և երկիրն իշխելու միջև:

– Լևոն Տեր-Պետրոսյանը միշտ եղել է քաղաքական լիդեր, միգուցե պայքարից նրա հրաժարո՞ւմը դարձավ քաղաքական այսպիսի իրավիճակի ստեղծման պատճառը:

– Սա լավ հարց է, բայց նախևառաջ` այդ հարցը` արդյոք Լևոնը կառաջադրի՞ իր թեկնածությունը, թե՞ ոչ, կրկին մեզ սևեռված էր պահում անձերի վրա: Սակայն, մյուս կողմից, սա նաև իրատեսական է, որովհետև, ընտրությունների առումով, հետաքրքիրը ոչ թե այն է, թե ո՞վ կառաջադրվի, այլ` ո՞վ չի առաջադրվի: Այլ կերպ ասած` ավելի հետաքրքիր ստացվեց, որ Ծառուկյանն ու Տեր-Պետրոսյանը և Քոչարյանը նույնպես չառաջադրվեցին:

– Դուք նշեցիք, որ Հայաստանում չկան իրական քաղաքական կուսակցություններ: Օրինակ` հասարակական-քաղաքական գործիչ Աշոտ Մանուչարյանն այս մասին կարծում է, որ դրա պատճառն այն է, որ ներկայիս քաղաքական տրամաբանությունն ավարտվել է, և ժամանակն է խոսել նոր քաղաքական համակարգ ստեղծելու մասին: Ըստ Ձեզ` ո՞րն է այդ նորը, և արդյոք կարո՞ղ է դա հանգեցնել քաղաքացիական հասարակության ձևավորմանը Հայաստանում:

– Ընդհանուր առմամբ` Հայաստանի բնակչությունը քաղաքականության մեջ ընտրության և ձայնի ավելի մեծ կարիք ունի: Սակայն այստեղ խնդիրը չի վերաբերում միայն փակ քաղաքական համակարգին, քանի որ խնդիրներ կան նաև տնտեսական փակ համակարգի հետ կապված: Սա բացահայտում է բիզնեսի և քաղաքականության փոխկապակցվածությունը, հատկապես, եթե հիշենք, որ խորհրդարանի անդամներից շատերն ունեն բիզնեսներ, և, այսպես կոչված, օլիգարխների անընդունելի և զզվելի ներկայությունը քաղաքականության մեջ: Կամ, եթե հիշենք Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանին, ակնհայտ է դառնում իշխանության գոռոզությունը, որը մենք տեսանք, այսպես կոչված, ընտրված իշխանավորների կողմից:

– Առայժմ 8 մլն դրամ ընտրագրավը կարողացել են մուծել միայն 7 թեկնածուներ: Ինչպե՞ս եք գնահատում նրանց հնարավորությունները, և արդյոք թվարկված թեկնածուներից մեկը կարո՞ղ է իրական մրցակից լինել գործող նախագահին:

– Մենք ունենք թեկնածուների 3 տարբեր կատեգորիաներ: Առաջին կատեգորիայի մեջ մեկն է` ներկայիս նախագահը, ով, ամենայն հավանականությամբ, կվերընտրվի: Երկրորդ կատեգորիայի մեջ կան երկու թեկնածուներ` պարոն Բագրատյանը և պարոն Հովհաննիսյանը, ովքեր ավելի քիչ հնարավորություններ ունեն հաղթելու, սակայն ունեն պատասխանատվություն և առաքելություն` քարոզարշավի ընթացքում բարձրացնելու կարևոր հարցեր: Իսկ երրորդ կատեգորիայի մեջ են մտնում մնացյալ թեկնածուները, ովքեր ներկայացնում են ինչպես` հին, այնպես էլ` նոր դեմքեր: Նրանք միգուցե կկարողանան կամ չեն կարողանա նոր մտքեր առաջադրել քարոզարշավի ընթացքում:

Բայց այս ընտրությունների հետ կապված` կա մի շատ կարևոր ասպեկտ. այն մրցակցային չէ. Սարգսյանը կվերընտրվի, սակայն թեկնածուների միջև մրցակցության պակասը նշանակում է, որ ընտրական գործընթացն ինքնին պետք է ավելի ազատ և արդար լինի: Այլ խոսքերով ասած` թեկնածուների միջև մրցակցության պակասը պարտավորեցնում է ավելի բարձր ստանդարտներ հենց ընտրության գործընթացում: Այդ իսկ պատճառով, թեպետ Սարգսյանն, ամենայն հավանականությամբ, կվերընտրվի, այն այդքան էլ հեշտ չի լինի, քանի որ ընտրությունն ինքը պետք է շատ ավելի որակյալ լինի:

Այս ընտրություններն ունեն նաև մեկ այլ, նոր ասպեկտ. Սարգսյանը հավանաբար կվերընտրվի երկրորդ անգամ, բայց սա, ըստ էության, կլինի նրա առաջին նախագահությունը, ոչ թե երկրորդ, որովհետև նրա ամբողջ առաջին ժամկետը ծախսվեց 2008 թ. հետընտրական ճգնաժամի հետևանքները վերացնելու վրա, վաստակելու այն լեգիտիմությունը, որը նրան պակասում էր սկզբում, և Մարտի մեկից և Ռոբերտ Քոչարյանից իրեն առանձնացնելու վրա: Այսպիսով` Սարգսյանի համար նախագահության երկրորդ շրջանն իրականում կլինի առաջինը և նոր հնարավորություններ կընձեռի նրան` իր սեփական ժառանգությունը կառուցելու համար: Սա հնարավորություն է, բայց նաև մարտահրավեր է Սարգսյանի համար: Եվ իր երկրորդ շրջանի առաջին օրվա ամենամեծ մարտահրավերը կլինի անդրադարձն այն խնդիրներին, որոնք նա մինչ այժմ չէր ցանկացել կամ չէր կարողացել լուծել:

– «Բարգավաճ Հայաստանը», Հայ ազգային կոնգրեսը, Դաշնակցությունը հայտարարեցին ընտրություններին չմասնակցելու մասին, ու թեև նրանց հայտարարություններում չկար «բոյկոտ» բառը, դրանք հիմնականում ընկալվեցին կամ մեկնաբանվեցին` որպես բոյկոտ: Ի՞նչ կարծիք ունեք բոյկոտի մասին:

– Կան երեք կարևոր գործոններ: Առաջինը` այն որոշումները, որոնք կայացվում են կուսակցությունների ղեկավարների կողմից, օրինակ` չաջակցել այս կամ այն թեկնածուին, վիրավորանք է իրենց կուսակցության աջակիցներին, և սա բացահայտորեն ոչ ժողովրդավարական երևույթ է: Սա նաև բնական չէ: Օրինակ` ՀԱԿ-ի ընտրողներն, ամենայն հավանականությամբ, կսատարեն Հրանտ Բագրատյանին, և կապ չունի, թե ՀԱԿ-ի վերևում կանգնած մեկ-երկու հոգի ինչ են ասում: Երկրորդ գործոնն այն է, որ սա բնական չէ այն առումով, որ ՀԱԿ-ը, Դաշնակցությունը համակարգի մի մասն են կազմում, նրանք խորհրդարանում են:

Եվ շատ առումներով` ընտրություններից դուրս գալը կամ չմասնակցելը կարելի է խաբեություն համարել: Իսկ երրորդ գործոնն այն է, որ ավելի մաքուր և ավելի արդար ընտրությունների անցկացումը կախված է ընտրություններին մասնակցող մարդկանց քանակից: Բայց կրկին նշենք, որ սա բացահայտում է Հայաստանի քաղաքական համակարգի ավելի խորը մի հիվանդություն. սա նաև ցույց է տալիս, որ մենք գտնվում ենք նոր փոփոխությունների մեկնարկի վերջին հատվածում:

– Հասարակության զգալի հատվածի մեջ արդեն ձևավորվել է մի համոզմունք` գնալու ընտրություններին և դեմ քվեարկելու բոլորին, այսինքն` ջնջելու քվեաթերթիկում նշված բոլորի անունները: Բողոքի նման դրսևորումը կարո՞ղ է հարված լինել իշխանություններին:

– Նախ` դա անելով` միևնույն է, մասնակցում ես ընտրություններին: Հետո` սա նաև հասկանալի է` հաշվի առնելով այսօրվա քաղաքականության հիվանդ վիճակը: Սակայն, մյուս կողմից, դա կարող է դրական լինել, քանի որ ցույց է տալիս հանրային դժգոհությունը և անհամաձայնությունն այսօրվա քաղաքական դաշտի նկատմամբ, և շատ հայերի համար ամենալավ ընտրությունը կլինի ոչ ոքի չընտրելը: Սա նաև ցույց է տալիս, որ քաղաքական համակարգի մեջ գտնվող յուրաքանչյուր գործչի համար առկա վտանգները դրանք դասեր են` քաղված Վրաստանից, երբ գոռոզ և ինքնավստահ ներկա իշխանության համար շատ վտանգավոր է անտեսել հասարակական փոփոխության պահանջները: Բայց կա երկու պատճառ, որոնք ստիպում են ինձ լավատես լինել:

Առաջինը` այս համակարգը` ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական, այլևս չի կարող գոյատևել, փոփոխություններն այստեղ սկսվում են, համակարգը կբացվի: Իմ լավատեսության երկրորդ պատճառն այսօրվա և 90-ականների միջև տարբերությունն է. 90-ական թթ. դժգոհության և հոռետեսության առաջին արձագանքը երկիրը լքելն է: Իսկ 2008 թ. սկսած` մինչ օրս, տարբերությունն այն է, որ քաղաքացիական ակտիվությունը մեծացել է` ներառելով բնապահպանական հարցերը, հակաօլիգարխիկ շարժումները, ինչպես նաև բանակում իրավիճակի բարելավումը: Ի տարբերություն 90-ականների` երկրի լավագույն մտքերը, լավագույն երիտասարդությունը չեն հանձնվել և չեն հեռանում: Սա է իմ լավատեսության հիմքը:

– Պարոն Կիրակոսյան, պայմանականորեն ասած, ռուսական կողմնորոշում ունեցող հիմնական ուժերը հրաժարվեցին պայքարից, փոխարենը թեկնածուների թվում կան ազատական հայացքներ և ակնհայտ արևմտամետ դիրքորոշում ունեցող թեկնածուներ: Արդյոք սա նշանակո՞ւմ է, որ Արևմուտքի ազդեցությունը մեծացել է Հայաստանի քաղաքական դաշտի վրա:

– Ճիշտ հառակակը` այն առումով, որ ոչ թե Արևմուտքն ազդեցություն ունի Հայաստանում, այլ Հայաստանն ունի ռազմավարական դիրքորոշում Արևմուտքի նկատմամբ, քանի որ Հայաստանի կողմնորոշումն այսօր Եվրոպան է, ոչ թե Եվրասիան: Այս առումով` երկրորդ կարևոր տարրն այն է, որ Հայաստանի քաղաքականության մեջ այլևս չկա բևեռացումը ռուսամետության և արևմտամետության միջև, սակայն մեզ դեռևս պակասում է ավելի հայամետ դիրքորոշումը:

«168 ԺԱՄ»

Տեսանյութեր

Լրահոս