Իսրայելն ու Ադրբեջանը վաճառքի անվան տակ գործարք են իրականացրել
Ռուսական Regnum լրատվական գործակալությունը, վկայակոչելով իսրայելական ԶԼՄ-ները, հայտնում է, որ Իսրայելը պլանավորել է ավելացնել զենքի ու սպառազինության արտահանումը մի շարք երկրներ, այդ թվում նաև Ադրբեջան: Այս առնչությամբ 168.am-ի հետ զրույցում ԼՂՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանն ասաց.
«Ես այս հարցի շուրջ մի փոքր արտառոց կարծիք ունեմ: Իսրայելի ու Ադրբեջանի հայտարարվող գործարքները ես որակում եմ որպես ոչ թե զենքի վաճառք, այլ վաճառքի անվան տակ իրականացվող գործարք: Իսրայելն Ադրբեջանում կուտակում է այնպիսի ռազմատեխնիկա, որը կարող է իրեն ծառայել՝ Իրանի հանդեպ հավանական գործողությունների պարագայում:
Երբ դիտարկում ենք, թե ինչ զինատեսակներ է Իսրայելը մատակարարում Ադրբեջանին, ապա դրանք ստրատեգիական նշանակության զենքեր են, որոնք Ադրբեջանին ԼՂՀ-ի դեմ հավանական պատերազմում անհրաժեշտ լինել չեն կարող: Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ Իսրայելի թիրախը Իրանն է, որին հարվածելու համար էլ Իսրայելը նման ստրատեգիական ծրագիր է մշակել: Իսկ Իրանին հարվածելու ամենամոտ կայանը Ադրբեջանն է, որին զենքեր վաճառելու անվան տակ էլ Իսրայելը ստեղծում է իր կայանները»:
Վահրամ Աթանեսյանի խոսքով՝ շրջանառվող զինամթերքի վերաբերյալ տարածվող բաց ինֆորմացիան վկայում է միայն այն մասին, որ Ադրբեջանը դրանք չի կարող օգտագործել ո՛չ Արցախի, ո՛չ էլ անգամ Հայաստանի դեմ հավանական պատերազմներում:
«Ըստ տրամաբանության՝ Ադրբեջանն այս զենքերի կարիքը չպետք է ունենա: Ըստ տարածաշրջանային, նույնիսկ ռազմական ռազմական ուժերի դասավորվածության տրամաբանության՝ դրանք Ադրբեջանին անհրածեշտ լինել չեն կարող»,- մասնավորեցրեց նա:
Հիշեցնենք, որ ըստ ռուսական Regnum լրատվական գործակալության, 2012 թվականի փետրվարի վերջին հայտնի դարձավ, որ Ադրբեջանն ու Իսրայելը ռազմական գործարք են կնքել, ըստ որի՝ Իսրայելը պետք է առաջիկա 4 տարում Ադրբեջանին մատակարարի 1.6 միլիարդ դոլար արժողությամբ ռազմական տեխնիկա:
Խոսքը Gabriel-5 հականավային հրթիռների, Heron TP և Searcher տիպերի անօդաչու թռչող սարքերի, Barak-8 հակաօդային պաշտպանության համակարգի, Green Pine ռադիոտեղորոշիչ համակարգի, ականազերծման POMİNS-2 համակարգի և այլնի մասին է: