Բաժիններ՝

Բանկային համակարգի մութ կողմերը. ՀՀ բանկերում նաև տեխզննում են «իրականացնում»

168.am-ի ընթերցողներն ահազանգում են տեխնիկական զննության կտրոնների հետ կապված նոր մեքենայությունների մասին։ Այսօր մեզ զանգահարեց մի քաղաքացի՝ կիսվելով տեխզննման կտրոն ստանալու իր ոդիսականով։

Նա, մասնավորապես, պատմեց, որ 2012 թվականի վերջին աշխատանքային օրը՝ դեկտեմբերի 28-ին, մեծ ջանքերի գնով կարողացել է բանկերից մեկից տեխզննման կտրոն ստանալ։

Երբ տեխզննման կտրոնով ներկայացել է տեխզննման կայան, որպեսզի մեքենան ստուգվի և կտրոնի վրա համապատասխան կնիք դրվի, պարզվել է, որ բանկի տրամադրած կտրոնի վրայից բացակայում է կտրվող փոքրիկ հատվածը (այն կտրում և թողնում են տեխզննումն իրականացնող կայանում, որի դիմաց վերջինս պետությունից գումար է ստանում)։

2013 թվականի առաջին աշխատանքային օրը մեր զրուցակիցն այցելում է նույն բանկը և իրեն կտրոն տրամադրած աշխատակցուհուց հետաքրքրվում, թե ինչո՞ւ է կտրոնը «թերի»։ Վերջինս հորդորում է չանհանգստանալ և խնդրում թողնել հեռախոսահամարը, որպեսզի նրա հետ կապվեն և համապատասխան կնիք դնեն կտրոնի վրա։ Ընդ որում, առանց տեխնզզննման կետ այցելելու։ Մեր զրուցակցին դա, իհարկե, զարմացրել է։ Սակայն զարմանքն ավելի մեծ է եղել, երբ հաջորդ օրը նրան զանգահարել են նույն բանկից, հրավիրել իրենց մոտ, և բանկի աշխատակցուհին տեխզննում իրականացնող կազմակերպության կնիքով կնքել է կտրոնը։ Այսինքն՝ փաստացի կատարել է տեխզննողի գործառույթ։

Մեզ զանգահարած ընթերցողը չցանկացավ նշել բանկի և այն կազմակերպության անունը, ում կնիքը դրված է կտրոնի վրա։ Ճիշտ է, նա վերջին հաշվով լուծել էր իր խնդիրը, սակայն այդ խայտառակ պատկերը նրան ակնհայտորեն դուր չէր եկել և ցանկանում էր, որպեսզի այդ մասին հրապարակվի մամուլում։

Տեղի ունեցածը կոռուպցիայի կամ լիազորությունների չարաշահման դասական օրինակ է։ Փաստորեն, բանկերը նախնական համաձայնության են գալիս տեխզննման կետերի հետ և իրենց մոտ եղած կտրոնները երիզները սեփական նախաձեռնությամբ հատկացնում նրանց (ինչի իրավունքը նրանք չունեն)։ Այսինքն՝ վարորդի փոխարեն իրենք են որոշում, թե որտեղ պետք է տեխզննում իրականացվի։ Իսկ վարորդը, որը ծանոթ-բարեկամ խառնելով մի կերպ հաջողացրել է տեխզննման կտրոն ստանալ, առանձնապես չի ընդդիմանում։ Բնականաբար, բանկի աշխատակիցն իր ծառայությունների դիմաց որոշակի փոխհատուցում է ստանում տեխզննում իրականացնող ընկերությունից՝ հաճախորդ ապահովելու համար։ Ընդ որում, լկտիությունը հասել է այն աստիճանի, որ դա անում է առանց թաքցնելու, բոլորի աչքի առաջ։

Այս ամենը վկայում է երկու բանի մասին։ Առաջին՝ ցույց է տալիս, թե իրականում որքանով է թափանցիկ ու ազնիվ որոշ բանկերի գործունեությունը։ Եվ երկրորդ, հաստատում է, որ տեխզննում կոչվածը մեզանում ոչ այլ ինչ է, քան վարորդներից լրացուցիչ գումար գանձելու միջոց։ Մեքենաների տեխնիկական վիճակն ու հասարակությնա անվտանգությունը մեր պաշտոնյաներին քիչ է հետաքրքրում. կարևորը բանկերի համար լավ պայմաններ լինեն։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս