Մենթավարի. մամուլ
«Հայկական Ժամանակ» օրաթերթը գրում է. «Նախօրեին մարդիկ ցնցվեցին հերթական դաժան սպանության մասին լուրից: Երևանում հայտնաբերվել էր տղամարդու մասնատված դի: Երեկ մեր թղթակիցը պարզել է, որ դեպքի առթիվ ոստիկանության հաղորդագրությունում փաստերը խեղաթյուրված են:
«Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հունվարի 8-ին, ժամը 17.50-ին… «Դալմայի այգիներ» այգեգործական ընկերության տարածքում, Սերգո Ե.-ին պատկանող տնակի հետնամասում, հայտնաբերվել է Արա Հունանյանի դիակը՝ մասնատված վիճակում»,- ասված էր հաղորդագրության մեջ:
Սպանվածի քույրը մեր թղթակցին պատմել է, որ դիակը գտել է իր հայրը, ով դեռևս հունվարի 4-ին ահազանգած է եղել ոստիկանության Մալաթիայի բաժին, որ իր որդին տանից դուրս է եկել և չի վերադարձել: Քույրը հայտնել է նաև, որ իրենք ոստիկաններին հորդորել են առաջին հերթին ստուգել Սերգո Ե.-ի տարածքը, սակայն նրանք դա չեն արել:
Ըստ հարազատների, ոստիկաններն ընդհանրապես որևէ գործողություն չեն ձեռնարկել: Եվ ահա հայրը, անձամբ է այցելել այդ տարածք, որտեղ էլ ոտքը ինչ-որ բանի է դիպել: Միայն նրա զանգից հետո են ոստիկանները ժամանել և հոր մատնանշած վայրում, հայտնաբերել դին»: