Օկոևի դեմ հայցը վերաքննիչ դատարանում է

Քաղաքացի Նունե Մաղաքյանի հայցն ընդդեմ «Մոր և մանկան առողջության պահպանման» կենտրոնի՝ վերաքննիչ քաղաքացիական դատարանում է: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Նունե Մաղաքյանի ամուսինը՝ Կարո Կարապետյանը: Նրա խոսքով՝ հունվարի 16-ին տեղի կունենա գործով առաջին դատական նիստը: Ըստ datalex տեղեկատվական համակարգի՝ նիստը նախագահող դատավորը Նախշուն Տավարացյանն է, իսկ հայցվորի ներկայացուցիչը՝ Տիգրան Աթանեսյանն է:

Հիշեցնենք, որ Աշտարակ քաղաքի բնակչուհին դրամական փոխհատուցում էր պահանջում, ինչպես նաև յուրաքանչյուր ամիս մինչև 2032 թվականի հունվարի 19-ը ներառյալ որպես չստացված աշխատավարձի գումար:

Աշտարակ քաղաքի բնակչուհի Նունե Մաղաքյանը «Մոր և մանկան առողջության պահպանման» գիտահետազոտական կենտրոնում կենտրոնի տնօրեն Գեորգի Օկոևի կողմից ենթարկվել էր կիստայի հեռացման վիրահատության:

Նունե Մաղաքյանի ներկայացուցիչ Տիգրան Աթանեսյանը պնդում է, որ վիրահատությունն այնուհետև ընդլայնվել է. բժիշկ Օկոևն, ըստ Տիգրան Աթանեսյանի, առանց կնոջը կամ նրա հարազատներին տեղյակ պահելու՝ հեռացրել է կնոջ արգանդն՝ իր հավելումներով:

Կարդացեք նաև

Բացի այդ, ըստ հայցվորի ներկայացուցչի՝ ավարտելով վիրահատությունը` Օկոևը թույլ է տվել բժշկական կոպիտ սխալ՝ վիրահատելուց հետո կարելով  հիվանդի ձախ միզածորանը: Դրանից երեք-չորս օր հետո հայտնաբերել են, որ հիվանդի վիճակը ծանրացել է: Հետագայում նա տեղափոխվել էր «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղ նրան չեն կարողացել անհրաժեշտ օգնություն ցուցաբերել:  Այնուհետև Նունե Մաղաքյանը տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն, որտեղ  ենթարկվել է ևս երեք վիրահատության:

Դատարանը հայցն անհիմն էր համարել և մերժել այն: Դատարանը նաև որոշել էր, որ հայցվորը պետք է վճարի պատասխանողի կողմից խախտված իրավունքը վերականգնելու համար փաստացի կատարած և պայմանագրով սահմանված գումարի մի մասը` 300.000 ՀՀ դրամի չափով:

Տեսանյութեր

Լրահոս