Սերժ Սարգսյանը հաղթելու է մեկ փուլով. ԲՀԿ ներկայացուցիչ
ԲՀԿ անդամ, նախկին պատգամավոր Վարդան Բոստանջյանը ՀՀԿ թեկնածու Սերժ Սարգսյանին հետաքրքիր մրցակիցներ է համարում ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանին, «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանին և «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանին:
Սակայն Վարդան Բոստանջյանը նրանց համարում է մրցակիցներ, բայց ոչ` հաղթող թեկնածուներ:
«Գործող նախագահի ձայների քանակը, կարծում եմ, ընդգծված շատ կլինի ընտրությունների ժամանակ` պայմանավորված այն հանգամանքով, որ մրցակիցներն ավելի մեծ հնարավորություններ չունեն: Գործող նախագահն անկախ պետության ստեղծման հիմքերում է, բոլոր տարիներին եղել է պատասխանատու դիրքերում, նա ավելի իրազեկ է նրբություններին»,- 168.am-ին ասաց ԲՀԿ-ական Վարդան Բոստանջյանը:
Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանին արժանի թեկնածուներին, նրանք ևս, ըստ Վարդան Բոստանջյանի, ներդրում ունեն անկախ պետականության կայացման հարցում: ԲՀԿ-ական նախկին պատգամավորը նշեց, որ նորանկախ Հայաստանում Հրանտ Բագրատյանն է սկսել տնտեսական բարեփոխումները, Պարույր Հայրիկյանն անկախության և ազատության ջատագովն է, իսկ Րաֆֆի Հովհաննիսյանն էլ առանձնանում է ժողովրդավարության սկզբունքներով:
Այդուհանդերձ, նրանք, ըստ Վարդան Բոստանջյանի, մեծ ընտրազանգված հավաքելու հնարավորություն չունեն:
Վարդան Բոստանջյանը համոզված է, որ Սերժ Սարգսյանն առաջիկա նախագահական ընտրություններում հաղթելու է մեկ փուլով: Այս ընտրությունները, նրա կարծիքով, առանձնանալու են նաև այն առումով, որ «ընտրակաշառքն է արժեզրկվելու»:
Վարդան Բոստանջյանը լիովին համամիտ է սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի այն ձևակերպմանը, թե ԲՀԿ-ի բացակայությունն ընտրություններում ընտրակաշառքը կնվազեցնի:
«Ընտրակաշառքը, կոպիտ ասած, շուկայական էլեմենտ է, որն ընտրապայքարի մեջ մտած քաղաքական ուժերի համար առաջ մղվելու մի հնարավորություն է: Ուժեղ մրցակիցների պակասելուց՝ ընտրակաշառքի իմաստն արժեզրկվում է»,- ասաց Վարդան Բոստանջյանը:
Հարցին, թե ուզում եք ասել՝ ՀՀԿ-ն ընտրակաշա՞ռք է բաժանել նախորդ ընտրություններում, Վարդան Բոստանջյանն այսպես արձագանքեց. «Դե ոնց ուզում եք, ընկալեք»:
Հարցին, թե հիմնական քաղաքական ուժերի բացակայությունը չէ՞ պատճառը, որ քաղաքականության հետ կապ չունեցող անձինք են նախագահի թեկնածուի հայտ ներկայացնում` Վարդան Բոստանջյանը պատասխանեց, թե որոշ թեկնածուներ պարզապես փոքր, շահադիտական նպատակներ են հետապնդում, հատկապես երբ կորցնելու ոչինչ չունեն:
«Այդ մարդիկ ի սկզբանե արկածախնդիր քայլի հակվածություն ունեին, որը պայմանավորված է միայն փոքր շահերով: Չեմ կարծում, որ ավելի հզոր քաղաքական ուժերի մասնակցել-չմասնակցելը թողներ էական ազդեցություն նրանց որոշման վրա»,-ասաց ԲՀԿ-ական Վարդան Բոստանջյանը:
Անահիտ Փիլոսյան