
Խցանումներ և մերկասառույց. Գյումրիի քաղաքապետարանը տեխնիկայի պակաս ունի

Ձյան առատ տեղումները զգալիորեն դժվարանցանելի են դարձրել երթևեկությունը Գյումրիում: Հատկապես քաղաքի երկրորդական փողոցներում մեքենաների խցանումներ են: Փողոցներում առկա է մերկասառույց: Վարորդները ԳԱԼԱ-ի լրագրողի հետ զրույցում դժգոհեցին, որ քաղաքում ձյան մաքրման աշխատանքներ գրեթե չեն իրականացվել, ինչի արդյունքում մեքենա վարելը դարձել է գրեթե անհնար ու նաև վտանգավոր: Մինչդեռ Գյումրու քաղաքապետարանի մամուլի քարտուղար Զոհրապ Եգանյանը վստահեցեց, որ ձյան մաքրման աշխատանքներ քաղաքում իրականացվել են դեռևս վաղ առավոտից: «Ժամը 6-ից մեքենաները աշխատել են և որքան հնարավոր է, իրականացնում են մաքրման աշխատանքներ»:
Վերջինս նշել է, որ համապատասխան տեխնիկայի պակասն է պատճառը, որ քաղաքի երկրորդական փողոցներում մաքրման աշխատանքներ չեն իրականացվում:
Հավելենք , որ ԳԱԼԱ-ի լագրողը եղել է նաև Գյումրու Ավտոկայարանում: Մի շարք ուղղություններ սպասարկող ավտոբուսներն ու միկրոավտոբուսները ավտոկայարան հասել էին ուշացումով: Պատճառը դարձյալ ճանապարհներում առկա մերկասառույցն է: