2012թ. Հայաստանում ինտերնետ օգտագործողների թվի գերարագ աճ է արձանագրվել
«Հայաստանում ինտերնետը շատ արագ է զարգանում: Օրինակ, 2011թ. Հայաստանը ինտերնետի զարգացման ամենաարագ տեմպերը գրանցեց: Կարծում եմ, երբ հրապարակվեն 2012թ. արդյունքները, ապա պարզ կդառնա, որ 2012թ. մենք ինտերնետ օգտագործողների թվի գերարագ աճ ենք արձանագրել»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց «Ինտերնետ հանրություն» հ/կ փոխնախագահ Գրիգոր Սաղյանը՝ ամփոփելով 2012թ. Հայաստանում ինտերնետի վիճակը:
Գ. Սաղյանի խոսքով՝ ինտերնետ օգտագործողների թվի աճը վերաբերում է հատկապես շարժական սարքերով ինտերնետի օգտագործմանը: «Ինչպես Հայաստանում, այնպես էլ ամբողջ աշխարհում վերջին ժամանակաշրջանում շարժական սարքերով ինտերնետ օգտագործողների քանակի ավելացում է նկատվում: 2012թ. կեսերին արդեն հայտնի դարձավ, որ աշխարհում շարժական սարքերով ինտերնետ հասանելիությունը գերազանցել է սեղանի համակարգիչներով ինտերնետ օգտագործողների քանակին»,- ասաց Գ. Սաղյանը:
Ինչ վերաբերում է Ամանորյա տոնական բարեմաղթանքներին, ապա Գ. Սաղյանի խոսքով՝ իր ցանկությունն է, որպեսզի հեռահաղորդակցության համակարգը տոնական օրերին, երբ շատերն արձակուրդում են գտնվելու, անխափան աշխատի: