Մարդկանց մաղթում եմ ստեղծագործական, բովանդակալից, դրական և ամենակարևորը` առողջ կյանք. Գուրգեն Արսենյան

«Գիտեք, Հայաստանը ոչինչ ձեռք չի բերել և ոչինչ բաց չի թողել: Այսպես ասեմ` իր համար ինքնահոսով ապրել է այս տարի»,- 168.am-ի հետ զրույցում  ասաց Միավորված աշխատանքային կուսակցության (ՄԱԿ) նախագահ, ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը` պատասխանելով հարցին` ի՞նչ   ձեռքբերումներ և բացթողումներ է ունեցել Հայաստանը անցնող տարում:

Ըստ Գուրգեն Արսենյանի`որևէ ծայրահեղ (օգտագործում է ռուսերեն «пограничный» բառը) իրավիճակում չենք եղել, և երկրի կենսագործունեությունն արտակարգ իրադրության չի հանդիպել:

«Չմոռանանք, որ մենք մի կարգավիճակ ունենք մեր հարևան Ադրբեջանի հետ: Ունենք ընդամենը մի փաստաթուղթ, որը կոչվում է զինադադարի վերաբերյալ պայմանագիր, զինադադա´ր: Այսինքն շատ թույլ փաստաթուղթ է իր իրավական պարտավորություններով: Մենք այս տարին անցանք, և այդ պայմանագիրը շարունակում է գործել, այսինքն որևէ ֆորսմաժորային իրավիճակի մեջ Հայաստան պետությունը չհայտնվեց: Այսինքն կենսագործունեության տեսանկյունից` մենք սովորական տարի ենք ունեցել: Այն, որ մարդիկ չգիտես ինչու շատ ուշադրություն են դարձնում ընտրությունների փաստին, ես այդքան մեծ ուշադրություն չեմ դարձնում դրան: Ընտրությունն իշխանություն ձևավորելու գործընթաց է, եղավ, ձևավորվեց գնաց: Մարդկանց համար դա սովորական բան պետք է լինի»,-նշեց պարոն Արսենյանը:

Մենք հետաքրքրվեցինք, թե ի՞նչ ակնկալիքներ ունի Գուրգեն Արսենյանը գալիք տարուց:

Կարդացեք նաև

«Ակնկալիքներս հետևյալն են, որ չլինի ավելի վատ, քան այս տարի, չընկնենք անկումային տրենդի մեջ, մնանք առնվազն այս տարվա ռեժիմի մեջ: Դա արդեն մեծ ձեռքբերում  կլինի մեզ համար»,- պատասխանեց նա,-«Ինչ վերաբերում է ինձ անհանգստացնող մյուս խնդրին, դա երկրի բնակչության կողմից Հայաստան երկիրը լքելու փաստն է: Շատ վտանգավոր ու որոշակի աճելու միտում ունեցող երևույթ է»,- պատասխանեց ՄԱԿ ղեկավարը:

Իսկ իր ամանորյա բարեմաղթանքները հղելով քաղաքացիներին` Գուրգեն Արսենյանն ասաց. «Մարդկանց մաղթում եմ ստեղծագործական, բովանդակալից, դրական և ամենակարևորը` առողջ կյանք: Մաղթում եմ մարդկանց, որպեսզի իրենց բոլոր ծրագրերն իրականանան եթե ինչ-որ բան են ծրագրել 2013 թվականի համար, թող դրանք իրականանան: Նաև մաղթում եմ, որ մարդիկ մի փոքր ավելի հանգիստ արձագանքեն բոլոր այն երևույթներին, որոնք իրենք գնահատում են բացասական: Կամաց-կամաց ամեն ինչ կփոխվի, չի կարող չփոխվել»:

Տեսանյութեր

Լրահոս