2012 թվականի աստղագիտական տարվա գլխավոր իրադարձությունները
Ինչպես բոլոր բնագավառների ներկայացուցիչները, այնպես էլ հայ աստղագետներն ամփոփեցին 2012թ. արդյունքները: Այն չափազանց հարուստ էր իրադարձություններով և ինչպես մի շարք նոր գիտական նվաճումների և ձեռքբերումների, այնպես էլ գիտության շարունակական չափազանց ցածր ֆինանսավորման պայմաններում գիտնականների նվիրական աշխատանքի տարի էր:
Ինչպես 168.am-ին տեղեկացնում են Հայկական աստղագիտական ընկերությունից ՀՀ ԳԱԱ Բյուրականի աստղադիտարանի (ԲԱ) աշխատակիցների կողմից ստացվել են մի շարք կարևոր գիտական արդյունքներ՝ աստղերի, աստղառաջացման տիրույթների և ակտիվ գալակտիկաների ուսումնասիրության, տեսական աստղաֆիզիկայի խնդիրների լուծման և այլ ուղղություններով: Հայնաբերվել են հարյուրավոր նոր տիեզերական մարմիններ: Տպագրվել է 35 գիտական աշխատանք միջազգային հեղինակավոր ամսագրերում, 3 էլեկտրոնային կատալոգ, 13 աշխատանք գիտաժողովների նյութերի ժողովածուներում: Տպագրվել է ԱՊՀ երկրների երիտասարդ աստղագետների 2011-ին Երևանում կայացած կոնֆերանսի նյութերի ժողովածուն: ԲԱ աշխատակիցները մասնակցել են միջազգային գիտաժողովների աշխատանքներին և հանդես եկել 16 զեկուցումներով, ինչպես նաև դասախոսություններով: Տպագրվել են նաև մի շարք գիտա-հանրամատչելի հոդվածներ: ԲԱ գիտնականները սերտ համագործակցության մեջ են Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի, ԱՄՆ-ի, Ռուսաստանի, և այլ երկրների աստղագիտական կենտրոնների հետ: Դրանց շրջանակներում և գիտաժողովների մասնակցության նպատակով տեղի են ունեցել 30-ից ավելի գործուղումներ: ԲԱ աշխատակիցները 2012թ. արժանացել են Հայկական ազգային գիտա-կրթական հիմնադրամի (ՀԱԳԿՀ) 3 դրամաշնորհի և ԳՊԿ և Ֆրանսիայի CNRS-ի համատեղ 1 դրամաշնորհի: Հայ աստղագիտությունը հաջողությամբ ներկայացվել է Միջազգային աստղագիտական միության (ՄԱՄ) Պեկինում կայացած, Եվրոպական աստղագիտական ընկերության (ԵԱԸ) Հռոմում կայացած և Եվրասիական աստղագիտական ընկերության (ԵԱԱԸ) Մոսկվայում կայացած համագումարներում և ԵԱԸ ազգային աստղագիտական ընկերությունների Շվեյցարիայում կայացած խորհրդակցությանը:
Բյուրականի աստղադիտարանը ստացել է Ազգային արժեքի կարգավիճակ և ներկայումս հանդիսանում է այդպիսի կարգավիճակ ունեցող ՀՀ 4 գիտական, կրթական և մշակութային հաստատություններից մեկը (Մատենադարան, ԵՊՀ, Ցեղասպանության թանգարան-ինստիտուտ և ԲԱ): Համապատասխանաբար, 2013-ին կավելանա ԲԱ ֆինանսավորումը, և գումարների զգալի մասը կուղղվի հայելապատման արտադրամասի վերաշահագործմանը և աստղադիտակների աշխատանքի արդյունավետության բարձրացմանը: Հայելապատման արտադրամասի վերականգնման, ինչպես նաև «Ռոսկոսմոս»-ի հետ նախատեսվող տիեզերական աղբի ծրագրերը երկար սպասումներից հետո վերջապես սկսվեցին 2012-ին: Սեպտեմբերին տեղի ունեցավ Վիկտոր Համբարձումյանի միջազգային մրցանակի հանձնման հանդիսավոր արարողությունը, և մրցանակի արժանացան Յան Էյնաստոն (Էստոնիա) և Իգոր Նովիկովը (Ռուսաստան): ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտում ստեղծվեց Հայկական վիրտուալ աստղադիտարանի (ՀՎԱ) համակարգչային նոր սերվերը, որի վրա տեղադրվեցին մի շարք կիրառություններ:
Անցկացված միջոցառումներից կարևորագույններն էին սեպտեմբերին կայացած 4-րդ Բյուրականյան միջազգային ամառային դպրոցը և Անանիա Շիրակացու 1400-ամյակին նվիրված «Աստղագիտական ժառանգությունը ազգային մշակույթում» թեմայով պատմա-աստղագիտական գիտաժողովը: Տարվա ընթացքում ԲԱ հանդիսանում էր Անանիա Շիրակացու 1400-ամյակի տոնակատարության նախաձեռնողն ու հիմնական կազմակերպիչը. այդ տարեդարձն ընդգրկվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի նշանակալից տարեդարձների ցանկում, ստեղծվեց Շիրակացուն նվիրված համացանցային կայք-էջ, անցկացվեցին մի շարք միջոցառումներ: Ինչպես միշտ, ակտիվ գործունեություն ծավալեց Հայկական աստղագիտական ընկերությունը (ՀԱԸ). այն ակտիվորեն մասնակցեց վերոհիշյալ միջոցառումներին, անցկացվեց ՀԱԸ տարեկան համաժողովը, թողարկվեց ՀԱԸ էլեկտրոնային տեղեկագրի 8 համար, հանձնվեց երիտասարդ աստղագետների համար սահմանված ՀԱԸ տարեկան մրցանակը, նոյեմբերին ՀՀ 30 դպրոցներում Կրթության և գիտության նախարարության հետ համատեղ կազմակերպվեցին դասախոսություններ պրոֆեսիոնալ աստղագետների կողմից, ԲԱ-ում հոկտեմբերին կազմակերպվեց աստղագիտական գրքի ցուցահանդես, նշվեցին հայ աստղագետների տարեդարձները, ամբողջ տարվա ընթացքում ակտիվորեն գործում էր գիտական լրագրության խումբը, որի շրջանակներում ՀԱԸ տարածեց մամուլի 103 հաղորդագրություն, տպագրվեցին աստղագիտական օրացույցներ և գրքույկներ, ՀԱԸ համացանցային կայք-էջում ստեղծվեցին 2012թ. և 2013թ. «Աստղագիտական իրադարձությունների օրացույց», Արեգակի և Լուսնի 2001-2050թթ. խավարումների, «Աստղագիտական գրքերի տեղեկատու» և Անանիա Շիրակացու էջերը: Սկսվել են 2013թ. կայանալիք ՄԱՄ պաշտոնական գիտաժողովի նախապատրաստական աշխատանքները. ստեղծվել է միջազգային գիտական կազմկոմիտե, որոշվել է հրավիրված զեկուցողների ցանկը և նախնական ծրագիրը, ստեղծվել է կայք-էջը, տարածվել է առաջին ազդագիրը:
Հայ երիտասարդ աստղագետները մասնակցեցին մի շարք երիտասարդական կոնֆերանսների ու ամառային դպրոցների Վատիկանում, Շվեյցարիայում, Կանարյան կղզիներում, Ռուսաստանում, Ուկրաինայում: Հայ պատանիները հերթական անգամ փայլուն հանդես եկան միջազգային աստղագիտական օլիմպիադայում` նվաճելով 1 ոսկե (Գևորգ Մարտիրոսյան), 1 արծաթե (Արսեն Վասիլյանը) և 2 բրոնզե (Սիրանուշ Բաբախանովա և Վարդգես Մամբրեյան) մեդալ (թիմը ղեկավարում էին Մարիետա Գյուլզադյանը և Տիգրան Նազարյանը): Երևանի ֆիզ.-մաթ. դպրոցում սեպտեմբերին անցկացվեց ԱՊՀ երկրների աստղագիտական օլիմպիադա, որտեղ 16 մեդալներից 6-ը նվաճեցին հայ պատանիները: Մայիսին Բյուրականում անցկացվեց նաև հանրապետական աստղագիտական օլիմպիադայի եզրափակիչ փուլը:
Հայկ Հարությունյանը վերընտրվեց ԲԱ տնօրենի պաշտոնում, ԲԱ փոխտնօրեն նշանակվեց Տիգրան Մաղաքյանը: Արեգ Միքայելյանը վերընտրվեց ԵԱԱԸ վարչության և «Աստղագիտությունը մշակույթում» եվրոպական կազմակերպության անդամ: Ֆելիքս Ահարոնյանն ընտրվեց ՄԱՄ «Բարձր էներգիաներ և հիմնարար ֆիզիկա» բաժանմունքի փոխնախագահ: Վարդան Ադիբեկյանն արժանացավ երիտասարդ աստղագետների համար սահմանված ՀԱԸ 2012թ. տարեկան մրցանակի (Երվանդ Թերզյանի մրցանակ): Լևոն Արամյանը որպես լավագույն մագիստրոս արժանացավ ՀՀ նախագահի տարեկան մրցանակի: ՀՀ ԿևԳ կից Տիեզերագիտական ակումբի ղեկավար Ավետիք Գրիգորյանն արժանացավ Գալիլեյան ուսուցչի միջազգային վկայագրի: Ռոբերտ Սարգսյանը հրատարակեց «Վիկտոր Համբարձումյանի հետնորդերը» գիրքը: Վլադիմիր Հայրապետյանի կողմից պատրաստվեց և առցանց թողարկվեց աստղագիտության դասագիրք: Արեգ Միքայելյանը պատրաստեց «Աստղագիտություն դպրոցների համար» DVD խտասկավառակ: