Երբ քո ետևից մարդիկ են գնում, դու պարտավոր ես ցույց տալ ճանապարհը…

«Երբ քո ետևից մարդիկ են գնում, դու պարտավոր ես լուծել այդ խնդիրը, որ քեզ հավատացողները չվհատվեն, չկոտրվեն, չկորեն: Սա շատ կարևոր խնդիր է, երևի թե ամենակարևորն այն խնդիրների մեջ, որը լուծում է քաղաքական գործիչը: Եթե հրաժարվում ես մի ճանապարհից, որը մինչ այդ նշել ես, պարտավոր ես այնպիսի լուծում գտնել, որ քեզ հետևող մարդիկ չվհատվեն»,- 168.am-ի հետ հարցարզույցում ասաց «Ղարաբաղ» կոմիտեի նախկին անդամ Աշոտ Մանուչարյանը` մեկնաբանելով ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի որոշումը` չառաջադրվելու առաջիկա նախագահական ընտրություններում:

«Պարզապես այս աշխարհի` մեռնող աշխարհի մշակույթն այդպիսին է: Քաղաքականությունն ինչ-որ հաշվարկների, ուժերի շահերի սիմվոլիկ արձագանքն է, և շատ բաներ մնում են վարագույրի հետևում: Դու չես էլ կարող բոլորին դա բացատրել, որովհետև այդպիսին է քաղաքական մշակույթը. եթե սկսես ամեն ինչը պարզաբանել, քո հետ ուղղակի գործ չեն ունենա»,- ավելացրեց Աշոտ Մանուչարյանը,- «Ես հենց Ձեր թերթին ասել էի, որ իր որոշման մասին կհայտարարի մյուս կուսակցության` «Բարգավաճ Հայաստանի» լիդերը, և մենք կլսենք այդ որոշումը, բայց ոչ ոք չի իմանա` այդ որոշումը որտե՞ղ կայացվեց, ինչո՞ւ կայացվեց: Հիմա երբ մենք հերթականությամբ, անդադար այդպիսի բաներ ենք տեսնում… ինչի երբ դուք տեսնում եք մասնակից այս կամ այն կուսակցությանը կամ անձին, ձեզ մոտ հարց չի՞ առաջանում` էդ որոշումը որտե՞ղ կայացվեց և ինչո՞ւ կայացվեց: Հանրապետականից սկսած` մինչև մյուս կուսակցությունները, եթե նայեք ցանկը, բոլորի դեպքում կհամոզվեք, որ սա կա´մ անհեթեթություն է, կա´մ ուրիշ մի բան կա, որից ես տեղյակ չեմ: Այսպիսի վիճակ է: Բայց սա հեռացող քաղաքական դաշտն է, անիմաստ էլ է խոսենք դրանից»:

Մենք նաև հետաքրքրվեցինք, թե, ըստ Աշոտ Մանուչարյանի, ինչո՞ւ Լևոն Տեր-Պետրոսյանն իր վերջին ելույթը  նվիրեց արտաքին ազդեցություններին և հենց այս շրջանում  անդրադարձավ աշխարհաքաղաքական կողմնորոշումների հարցին:

«Երկու հանգամանք կա, և երկուսն էլ կապում եմ Նոր Տարվա հետ: Տեր-Պետրոսյանը կատակ սիրող մարդ է, և որքան հասկացա, բազմաթիվ կատակներ արեց այդ ելույթի ժամանակ: Երկրորդը` դրանք բարեմաղթանքներ էին հայ ժողովրդին. նա համարում է, որ մենք պետք է զերծ լինենք արտաքին ազդեցություններից, և նշեց, թե ինչպիսին պետք է լինի իրական քաղաքական գործիչը»,- պատասխանեց Ա.Մանուչարյանը:

Կարդացեք նաև

Աշոտ Մանուչարյանի հետ ամբողջական հարցազրույցը կարդացեք առաջիկայում:

Տեսանյութեր

Լրահոս