Հրեշտակներն ու սատանաները՝ ըստ Վ. Մանուկյանի
Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը կարծում է, որ Հայաստանում քաղաքացիական հասարակությունը կայացման ճանապարհին է: Այդ մասին նա հայտարարեց այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ։
ԱԺՄ նախագահի կարծիքով, այդ հարցում երեք կարևոր գործոն են դեր խաղում՝ հասարակությունը զարգանում է, Հայաստանը տարեցտարի ներգրավվում է եվրոպական կառույցների մեջ, ինչն էլ բերում է նրան, որ իշխանությունները չեն կարողանում անտեսել հասարակության կարծիքը և վերջապես իշխանություններն ավելի տոլերանտ են:
« Հասարակությունն իր ճնշումներով կարողացել է մի շարք հարցեր լուծել, որը նախորդ ժամանակներում չէր կարողանում լուծել»,- այսօր հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարեց ՀԽ նախագահը՝ նշելով Մաշտոցի պուրակի, «Թռչկանի» ջրվեժի, «Հարսնաքարի» դեպքերը:
Նա նշեց, որ իր ղեկավարած կառույցը կառավարությանը չի փոխարինում, բայց նաև հասարակական կազմակերպությունն չէ, այլ կապող օղակ է հասարակության և իշխանության միջև: Վազգեն Մանուկյանի համոզմամբ, ՀԽ-ի գործառույթներից մեկն էլ քաղաքացիական հասարակության կայացմանը նպաստելն է:
ՀԽ նախագահը նշեց, որ իրենք հասարարակական հնչեղություն ունեցող խնդիրներին միշտ արձագանքում են, թեև դրա մասին մամուլը միշտ չէ , որ տեղեկանում է:
Վազգեն Մանուկյանը հայտարարեց, որ Հանրային խորհուրդը միայն հայաստանածին կառույց չէ: Այդպիսի կառույցներ կան աշխարհի 60 երկրում, Հայաստանի ՀԽ-ն էլ համաշխարհային ասոցիացիայի անդամ է:
Անդրադառնալով այն հարցին, թե արդյո՞ք հասարակությունը վստահում է ՀԽ-ին, Վազգեն Մանուկյանը նշեց, որ հասարակության մեջ մտածողության կարծրատիպեր կան. եթե մեկը քննադատում է իշխանությանը՝ հրեշտակ է, իսկ նա ով գովում է՝ սատանա: Որպես օրինակ նա բերեց նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանին, ում նկատմամբ հասարակության վերաբերմունքը փոխվեց, երբ նա անցավ ընդդիմության շարքերը:
«Ես հարցերին վերաբերում եմ պետականորեն, ազգային տեսակետից, մեզ ով ինչ օգուտ է բերում կամ վնաս: Ծիծաղելի կլիներ, որ Ջհանգիրյանը նմանվեր հրեշտակի»,-ասաց Վազգեն Մանուկյանը: