Բաժիններ՝

Նեղ ելքերով փոքր շուկան

Հայաստանում խոշորածավալ նախագծեր իրականացնելու հարցում հավանական ներդրողներին հետ է պահում միայն ցածր գնողունակությամբ ներքին շուկան։ Այս մասին երեկ ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը:

Ինչպես գրում է Մեդիամաքսը, նախարարը նշել է, որ հավանական ներդրողների հետ բանակցությունները ցույց են տվել, որ և մեր գործարար միջավայրը, և քաղաքական կայունությունը ոչ մի կասկած չեն հարուցում, եւ միակ հանգամանքը, որն իրենց հետ է պահում, փոքր և ցածր գնողունակությամբ ներքին շուկան է:

«Կարող եմ թվարկել բազմաթիվ երկրներ, որտեղ և գործարար, և քաղաքական միջավայրը զգալիորեն զիջում են Հայաստանին, սակայն դուք այնտեղ կհանդիպեք բազմաթիվ խոշոր բրենդներ և դա՝ ի հաշիվ մեծ ներքին շուկայի: Եթե Շվեյցարիայի և Բելգիայի պես փոքր շուկաներն այդ հարցը լուծում են տարածաշրջանային ինտեգրման հաշվին, ապա մենք պարզ պատճառներով զրկված ենք այս հնարավորությունից», – ասել է Տիգրան Դավթյանը:

Փաստորեն, ըստ նախարարի, ներդրումների հոսքին խոչընդոտում է միայն և միայն շուկայի փոքրությունը։ Դատաիրավական համակարգի, մեղմ ասած, ոչ բավարար կայացած լինելը, կոռուպցիան, բիզնեսի և քաղաքականության սերտաճումն, ինչպես տեսնում եք, նախարարը լուրջ խոչընդոտ չի համարում։

Կարդացեք նաև

Եվ ստացվում է, որ մեր երկրին վիճակված է այդպես էլ հեռու մնալ խոշորածավալ ծրագրերից, քանի որ պատմականորեն, օբյեկտիվ հանգամանքների բերումով ունի փոքր տարածք և քիչ բնակչություն։ Բնակչության թիվը՝ չնայած տարբեր ծրագրերին, գնալով նվազում է։ Իսկ երկրի սահմանների փոփոխությանը հավատում են միայն ռոմանտիկները։

Սակայն վհատվել պետք չէ։ Ելք կա։ Ըստ նախարարի, ստեղծված իրավիճակից ելքը եվրաինտեգրումն է և մերձեցումը ԱՊՀ շուկաների հետ:

Սակայն պարզվում է այստեղ էլ ամեն ինչ միանշանակ չէ։ ԱՊՀ շուկաներին մերձենալ՝ նշանակում է մաս կազմել Եվրասիական միությանը, ինչին ձգտում են ռուսները։ Եվրաինտեգրվել՝ նշանակում է խորացնել հարաբերությունները և ԵՄ-ի հետ կնքել ասոցացման պայմանագրեր։ Ամբողջ խնդիրն այն է, որ երկուսը միասին իրականացնել չի լինի։ Համեմնայնդեպս, եվրոպացիները հարցը կտրուկ են դնում՝ կամ իրենք, կամ ռուսները։ Այսինքն՝ ելք կա, սակայն այն բավականին նեղ է։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս