Գագիկ Ծառուկյանը՝ Ռուբեն Հայրապետյանին. «Պարոն Ծառուկյանը չի որոշում՝ ով պետք է ընդգրկվի լավագույն տասնյակում» (լուսանկարներ)
«Եթե Հենրիխ Մխիթարյանն արդեն աշխարհում հայտնի ֆուտբոլիստ է, դա մեր պատիվն է և դրա համար նա այսօր Գագիկ Ծառուկյանի կողմից արժանանում է բարձր պարգևի` ՀԱՕԿ-ի ոսկե շքանշանով»,- NEWS.am Sport-ի փոխանցմամբ՝ այս մասին այսօր «Օջախ» ռեստորանային համալիրում տարվա լավագույն մարզիկների պարգևատրության արարողության ժամանակ հայտարարել է ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը:
«Այս տարի Հայաստանը Օլիմպիական խաղերում նվաճեց երեք մեդալ: Եթե 2008-ին մենք 78-րդ տեղում էինք, այս տարի 60-րդ տեղում ենք: Մեր մարզիկները տքնաջան աշխատանք կատարեցին, փոխեցին մեդալի գույնը: Արսենը մեր պատիվը բարձր պահեց: Բոլորս ուզում էինք ոսկի բերել և շատ քիչ էր մնում: Այս ամենը արժանի է միայն գնահատանքի, բայց նրան փնովում են, քննադատում են, նրան բարձր գնահատելու փոխարեն:
Նույնը և Արթուր Ալեքսանյանը: Նա մինչև վերջ պայքարեց, չընկճվեց, իր վնասվածքով մինչև վերջ շարունակեց պայքարը:
Ոսկու համար աշխատանք է պետք: Սպորտը այն չի, որ մեկ տարում մարզվելով կարող ես գնալ Օլիմպիական խաղերի և ոսկի բերել: Օգսեն Միրզոյանի որդին, որը լիարժեք Եվրոպայի չեմպիոն էր, նա վնասվածք ուներ, բայց այդ վնասվածքով նա մասնակցեց:
Հիմնականում, մեր մարզիկներից գոհ ենք: Մենք ուրախանում ենք նրանցով, նրանք արժանի են միայն պարգևի: Այս տարի ունեցել ենք 150 մեդալ: Բոլոր մրցաշարերից մենք մեդալով ենք վերադառնում: Մենք միայն ցանկանում ենք օլիմպիական ոսկի: Դա կլինի, մենք արդեն բոլոր նախադրյալներն ունենք: Մեզ մնում է միայն մեր մարզիկներին ոգևորել: Այսօր այստեղ ենք նրանց ոգևորելու և պարգևատրելու համար, որպեսզի նրանք էլ ավելի բարձր արդյունքներ նվաճել:
Չեմ կարող չնշել Երևանում անցկացրած բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը: Մեր մասնակից բռնքամարտիկների ցավը տանեմ:
Ֆուտբոլի համար ասեմ, Հենրիխ Մխիթարյանն էլ մեր ազգի պատիվը բարձր է պահում, ճանաչել է տալիս մեր փոքր պետությունը դրսում: Բայց ուզում եմ ասեմ, որ պարոն Ծառուկյանը չի որոշում՝ ով պետք է ընդգրկվի լավագույն տասնյակում: Եթե որևիցե մեկը չի ընդունում լավագույն տասնյակում, թող գա լրագրողների ֆեդերացիայի նախագահի հետ համապատասխան աշխատանքներ կատարի:
Եթե Հենրիխ Մխիթարյանը արդեն աշխարհում հայտնի ֆուտբոլիստ է, դա մեր պատիվն է և դրա համար նա այսօր Գագիկ Ծառուկյանի կողմից արժանանում է բարձր պարգևի` ՀԱՕԿ-ի ոսկե շքանշանով»,- ասել է ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը՝ անուղղակիորեն պատասխանելով ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի երեկվա հայտարարությանը:
Հիշեցնենք, որ երեկ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանն իր դժգոհությունն էր հայտնել մարզական լրագրողների հանրապետական ֆեդերացիայի հրապարակած հարցման արդյունքների վերաբերյալ, ըստ որի 2012 թվականի լավագույն մարզիկների տասնյակում ոչ մի ֆուտբոլիստ չի ընդգրկվել:
«Ինչպես տեղեկացա, այսպես կոչված Հայաստանի մարզական լրագրողների ֆեդերացիան հերթական անգամ հրապարակել է տարվա լավագույն մարզիկների ցուցակը, որը ոչ այլ ինչ է, քան հայկական սպորտը վարկաբեկելու հերթական և շարունակական փորձ:
Այն մարդիկ, ովքեր այսօր ղեկավարում են հայկական սպորտը, իրենց գործողություններով և իրենց մոտեցումներով ուղղակի վարկաբեկում են այն: Սպորտը գավառական խեղկատակությունների ասպարեզ չէ: Սպորտը մի բնագավառ է, որտեղ անթույլատրելի է առաջնորդվել գավառամտությամբ, մարդկանց նսեմացնելով, սեփական պատկերացումները հանրությանը մատուցելով որպես իրողություն: Տարվա լավագույն մարզիկների ցուցակը պետք է արտահայտի այն տրամադրությունները, որոնք Հայաստանի հանրության մոտ առկա են ամբողջ տարվա ընթացքում և ոչ թե այն մարդկանց տրամադրությունները, ովքեր իրենց անհաջողությունները փորձում են քողարկել նմանօրինակ խեղկատակություններով»,- ասել էր Ռուբեն Հայրապետյանը: